Monday, January 31, 2011

ԵՐԿՈՒ ԾԱՅՐԱՅԵՂՈՒԹԻՒՆ (2)

Գործակալը զանգեց երկրորդ բնակարանի տիրոջը։

Պայմանաւորուեցինք, որ իմ մեքենայով գնանք նրան իր բնակարանի առջեւից վերցնենք ու տանենք, որպէսզի վարձու տրուելիք բնակարանը մեզ ցոյց տայ։ 65-ի մօտ մարդ էր։ Նստեց մեքենաս։ Նստած-չնստած սկսեց խօսել գրականութիւնից։ Իրեն ներկայացրեց։ Ասաց, որ մի քանի ամիս եղել է ԱՄՆ-ում, որտեղ տեղի է ունեցել իր գրքերից մէկի շնորհահանդէսը։


Տեղ հասանք։

Մտանք բնակարան։

Հիւրասենեակում մի սեղան կար ու սեղանի վրայ լեփ լեցուն գիր ու գրականութիւն, թուղթ ու ...


Բերեց իր գրքերից մէկը։ Կարդաց իր բանաստեղծութիւններից։


Յետոյ բերեց յաջորդ գիրքը։ Իր կատարած թարգմանութիւններն էին օտար լեզուից հայերէն։


Յետոյ...


Նայեցի բնակարանը։ Տեւեց հինգ րոպէ։ Գրականութեան ու բանաստեղծութեան մասին խօսելը՝ կէս ժամ...

Ասացի, անկախ այն բանից, որ մենք ձեր բնակարանը կը վարձենք թէ ոչ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցնող մէկ ժամուայ ընթացքում ես ու մեզ ուղեկցող գործակալը հետաքրքիր եւ իրարամերժ երկու ծայրայեղ փորձառութիւն ապրեցինք։


Յետոյ պատմեցի նախորդ բնակարանատիրոջ հագնուածքի ու պահուածքի ու խօսելաձեւի մասին ու ...


Բանաստեղծ բնակարանատէրը ծիծաղեց։ Ասաց՝ անկախ ամէն ինչից՝ ինձ նուէր կը տայ իր գրքերից ու կը ցանկանայ հանդիպել...


Այս փորձառութիւնն ինձ համար հետաքրքիր էր։ Վերադառնալիս մտածեցի, որ այն մանաւանդ հետաքրքիր է սփիւռքահայերի համար։ Պատկերացրէք այն սփիւռքահային, որ տաս օրով Հայաստան է գալիս ու տեսնում է առաջին տեսակի մարդուն եւ այն սփիւռքահային, որ տեսնում է երկրորդ տեսակի մարդուն։ Ի՞նչ տպաւորութիւն է ստանում։


Եւ ի վերջոյ, եթէ նոյնիսկ երկրորդ տեսակի մարդու բնակարանը զիջում է առաջինին (որն ի դէպ այս պարագային չէր զիջում), պիտի վարձել երկրորդի բնակարանը եւ ոչ թէ առաջինի շատ պարզ պատճառով, որ երկրորդ տեսակը մնայ ու շատանայ Հայաստանում եւ առաջինը չքուի ու վերանայ Հայաստանից։


Լաւ մնացէք։

Saturday, January 29, 2011

ՍԵՒ ԼԵՔՍԻՈՒՍ

Մեքենայիցս իջնում էի, որ մեր բակի տղանրեը մօտեցան ինձ ու զրոյցի բռնուեցին։

Ասացին, որ տղաներից մէկն իրենց բնակարանից տեսել է, որ մի սեւ գոյնի լեքսիուս հարուածել է իմ մեքենային։ Լեքսիուսը փասխուստի է դիմել։

Տղան բացել է պատուհանը եւ գոռացել։ Ապարդիւն։ Մեքենան հեռացել է։

Լեքսիուսին ի՞նչ ցանկանամ։

Լաւ մնացէք։

Tuesday, January 25, 2011

ՀԷՆՑ ՆՈՅՆ ԶԳԱՑՈՒՄԸ (2)

Եթէ առաւօտեան դուրս գաք ձեր տնից աշխատանքի գնալու նպատակով եւ տեսնէք, որ փողոցում կայանած ձեր մեքենայի վարորդի կողմի դուռը ներս է մտել (այսինքն խփել են ձեր մեքենային) եւ այն էլ ոչ թէ մակերեսային կերպով քսել են, այլեւ ահաւոր կերպով ջարդել են, ի՞նչ զգացում կունենաք։

Այս առաւօտ ես հէնց այդ նոյն զգացումը ունէի։

Սա արդէն երրորդ անգամն է։

Մէկ անգամ խփել են մեքենայիս հետեւին, մէկ անգամ առջեւի ձախ մասին, այս անգամ էլ ճիշտ վարորդի դռան մէջտեղը։ Երեք դէպքում էլ մեքենան կայանած է եղել եւ խփող(ներ)ը չկան։

Պատահականութիւն է թէ՞ դիտաւորութիւն, չեմ կարող ասել, բայց կասկածների մէջ եմ ընկել։

Լաւ մնացէք։

Monday, January 24, 2011

ԵՐԿՈՒ ԾԱՅՐԱՅԵՂՈՒԹԻՒՆ (1)

Ընկերներիցս մէկը արտերկրից մի քանի օրով Հայաստան էր գալիս։ Զանգեց ինձ ու խնդրեց բնակարան վարձել իր համար։

Կապուեցի անշարժ գոյքի ծանօթ մի գործակալութիւն։

Ասացին, որ մեր պայմաններին համապատասխանող երկու բնակարան ունեն։

Ասացի՝ պիտի տեսնեմ բնակարանները։

Գործակալը կապուեց բնակարաններից մէկի տիրոջը եւ պայմանաւորուեց ժամը 5:30-ին։

Ասացի՝ յարմար է։

Մի երկու ժամ յետոյ գործակալը կապուեց ու ասաց, որ բնակարանի տէրը կապուել է ու ասել, որ 5:30-ին չի կարող եւ յարմար է ժամը 5:00-ին։ Ասացի՝ խնդիր չի։

Ժամը 5:00-ին մի քանի րոպէ պակաս, ես ու գործակալը շէնքի մօտ էինք։ 5:00-ին բարձրացանք բնակարանի մուտքի մօտ։ Մարդ չկար։ Գործակալը կապուեց տիրոջը։ Ասաց՝ "Հինգ րոպէից կը հասնեմ"։ Անցաւ տաս-տասնըհինգ րոպէ։ Մարդը չեկաւ։ Գործակալը կրկին կապուեց։ "Երկու րոպէից կը հասնեմ"։ Անցաւ եւս տաս րոպէ։ Մարդ չկայ։ Գործակալը էլի կապուեց։ "Արդէն հասնում եմ"։ Մի խօսքով ժամը 5:30-ին մարդը եկաւ։ Ծայրից ծայր մարզահագուստով։ Դժկամութեամբ բարեւ ասաց։ Ոչ մի խօսք այն մասին, որ կէս ժամ ուշացել է, ոչ մի կը ներէք, ոչ մի բառ։ Զգացի մեր պարտականութիւնն է եղել կէս ժամ շուտ գնալն ու մարդուն սպասելը։ Չէ որ ուզում ենք մի քանի հարիւր դոլար վճարել նրան։

Նայում էի բնակարանը, որ մարդն ասաց՝ "Ապէ, մի քանի բան պարզենք"։

.- Պարզենք։

.- Ո՞վ է մնալու։

.- Այսինչը։

.- Ի՞նչ ազգից է։

.- Հայ է։

Յետոյ դարձաւ գործակալին՝ "Գումա՞րն ասել ես"։

.- Այո։

.- Ինչքա՞ն։

.- Ինչքան պայմանաւորուել ենք, այսքան ու ասաց թիւը։

.- Չէ ապէ, էդ թուերը չի։

.- Այսի՞նքն։

.- Էդքանով չեմ տայ։ Ինձ ճիշտ հասկացէք, էս տունը էն տունը չի։

Գործակալն ասաց` "Չեմ հասկանում, մենք ձեզ հետ խօսել ու պայմանաւորուել ենք"։

.- Չէ ապէ, էսքան կըլնի։

Միջամտեցի, ասացի հարց չկայ, ես կը խորհրդակցեմ ընկերոջս հետ ու լուր կը տամ։ Դուրս եկանք տնից։

Արդէն առանց խորհրդակցելու որոշում էի տուել։ Այդ բնակարանը մեզ պէտք չէր։ Պէտք չէր, ոչ միայն գնի պատճառով (որը մի ակնթարթում բարձրացաւ երկու հարիւր ԱՄՆ դոլար), այլեւ բնակարանատիրոջ վերաբերումի ու պահուածքի։ Անցնող տաս տարուայ ընթացքում այդպիսի մարդկանց ու այդպիսի բնակարանատէրերի շատ եմ հանդիպել։


Ի դէպ այս հանդիպումից երկու ժամ առաջ մի այլ նմանատիպ մարդու էի հանդիպել մի այլ հարցի կապակցութեամբ, որի մասին կը գրեմ հետագային։

Լաւ մնացէք։

Saturday, January 22, 2011

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այս երեւոյթին էլ կարծում եմ մէկ անգամ անդրադարձել եմ։

Նոր Տարուայ ու Սբ. Ծննդեան տօների կապակցութեամբ մինչեւ ո՞ր օրը պիտի շնորհաւորել իրար։

Յունուարի 6-ը՞, 13-ը՞, 20-ը՞, Յունուարի վերջին օրը՞։

Պարզ է, որ ճշտուած թուական չկայ։ Ծիծաղելի է նաեւ ասել, որ օրինակ մինչեւ Յունուարի 11-ը կարելի է շնորհաւորել, իսկ 12-ից՝ ոչ։

Բայց ինչքանով է ճիշտ, որ Յունուարի 20-ին հանդիպում ես մարդու, որն ասում է՝ "Անցած տօներդ շնորհաւոր լինի, լաւ տարի ունենաք"։

Ստացւում է այնպէս, որ Դեկտեմբերի 20-ից սկսում են շնորհաւորանքները "գալիք" տօների կապակցութեամբ եւ Յունուարի 20-ին դեռ շարունակւում են "անցած" տօների կապակցութեամբ։

Սա էլ այն երեւոյթներից մէկն է, որը նկատել եմ, որի կապակցութեամբ կրկին ոչ բոլորն են ինձ հետ համաձայն, ինչպէս օրինակ կինս։ Նա ասում է, որ շնորհաւորելու մէջ, մէկին լաւ բան ցանկանալու մէջ, ի՞նչ վատ բան կայ, որ դու ոչ միայն նկատել ես, այլեւ ժամանակ ես դնում դրա մասին գրելու։ Եթէ մարդիկ լաւ բան են անում, թուականը ի՞նչ կապ ունի։

Կարծում եմ էլի ինքն է ճիշտ։

Լաւ մնացէք։

Sunday, January 16, 2011

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՒԷՐԻ ՄԱՍԻՆ

Կարծում եմ այս երեւոյթին նախապէս էլ անրդարձել եմ։ Խօսքը Նոր Տարուայ առիթով տնից տուն այցելութիւնների ժամանակ տարուող "նուէրի" մասին է։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ "նուէր" ասածը, որովհետեւ հիմնականում տանում են մի շիշ խմիչք ու մի տուփ շոկոլադ եւ դա արդէն վերածուել է սովորութեան։


Անշուշտ գեղեցիկ է, երբ մարդիկ քո տուն այցելելիս մի շիշ գինի են բերում ու դու էլ ձեռդ դատարկ ուրիշի տուն չես գնում, մի շիշ գինի էլ դու ես տանում, բայց երբ ընդամէնը մի քանի օրուայ ընթացքում պիտի մէկի տունը մի բան տանել ու հէնց նոյն մարդից էլ, երբ քո տունն է այցելում, մի բան ստանալ, զգում եմ, որ այդ տանել-բերելն իրենց իմաստը կորցնում են։

Խմիչք ու շոկոլադ ես տանում, խմիչք ու շոկոլադ ես ստանում, խմիչք ու շոկոլադ ես տանում, խմիչք ու շոկոլադ ես ստանում ու սա շարունակւում է այնքան, մինչեւ վերջանան այցելութիւնները։

Երբեմն զգում եմ, որ սա ձեւականութիւն է։ Տանում ենք, որովհետեւ պիտի տանել, անյարմար է չտանել, բա մեր մասին ի՞նչ կասեն։

Պատահում է նաեւ, որ մէկի տուն տարածդ խմիչքն ու շոկոլադը մի քանի շուրջ պտտելուց յետոյ... մի այլ մէկի միջոցով վերադառնում են քեզ։


Եթէ մէկի տուն ենք այցելում յատուկ պատճառով, օրինակ ծննդեան տարեդարձի, ապա նուէր տանելը, խմիչք կը լինի թէ շոկոլադ, ոսկի կը լինի թէ արծաթ՝ կապ չունի, հասկանալի է, բայց երբ Նոր Տարուայ առիթով մէկի տունն այցելելիս գիտակցում ես, որ տարածդ նուէրը վաղը կամ միւս օրը վերադառնալու է, որովհետեւ նա էլ, որ գայ քո տունը, ճիշտ քո նման, պարտաւոր է մի բան բերել, արդէն երեւոյթը դառնում է անհամ։ Մանաւանդ նկատի պիտի ունենալ, որ այս ամբողջ տանել բերելը կատարւում է մէկ շաբաթուայ ընթացքում։

Իմ կարծիքով չպիտի թողնել բովանդակազրկուի մարդու արածն ու վերածուի ձեւականութեան։

Յամենայնդէրս բոլորը չեն, որ ինձ հետ համաձայն են։ Օրինակ կինս համարում է, որ ես սխալ եմ, դա գեղեցիկ երեւոյթ է ու նոյնիսկ իմ այս գրածը աւելորդ է ու ժամավաճառութիւն։

Ինչ ասեմ։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Գիւմրեցի ընկերներիցս մէկին հարցրի այս մասին, ասաց, որ Գիւմրիում նման սովորութիւն չկայ։ Արդեօք սա Երեւանեան սովորութի՞ւն է։

Thursday, January 13, 2011

ՄԷԿ ՆՈՐ ՏԱՐԻ

Լաւ է, որ տարուայ ընթացքում մէկ Նոր Տարի կայ, թէ չէ եթէ այսպէս շարունակուէր...

Յամենայնդէպս այս Նոր Տարին ինձ համար թէ տարբեր էր նախորդ մի քանի Նոր Տարիներից եւ թէ ունէր որոշ նմանութիւններ։

Օրինակ տարբեր էր, որովհետեւ Նոր Տարուանից ընդամէնը երկու օր առաջ ամուսնացաւ ընկերներիցս մէկը ու նրա հարսանիքի ազդեցութիւնից դեռ չսթափուած, մտանք Ամանորի ազդեցութեան գօտի։

Ինչեւէ, այդ տարբերութիւններին ու նմանութիւններին չէ, որ ուզում եմ անդրադառնալ (դրանք զուտ անձնական են), այլեւ որոշ երեւոյթների, որոնք խորհելու առիթ են տուել։

Դրանց մասին հետագային։

Լաւ մնացէք։

Saturday, January 1, 2011

ՇՆՈՐՀԱՒՈՐ

ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍԲ. ԾՆՈՒՆԴ

Թող 2011-ը լինի բազում յաջողութիւնների տարի՝ թէ անձնական ու թէ հաւաքական կեանքում։