Wednesday, November 24, 2010

"ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ"

Այսօր աւարտեցի Հրանդ Փաստրմաճեանի "Հայոց պատմութիւն" աշխատասիրութիւնը։

Փաստրմաճեանը Արմէն Գարոյի տղան է։ Եղել է Ժընեւի համալսարանի դասախօս։

Գիրքը ֆրանսերէնից թարգմանել է Մուշեղ Իշխանը։ Ծաւալը 538 էջ է։ Այն ընդգրկում է Հայոց պատմութեան բոլոր շրջանները՝ սկզբից մինչեւ 1920 թուական՝ Լոզանի դաշնագիրը։

Իմ կարծիքով գրքի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ հեղինակը որոշ հարցեր կամ իր կողմից կատարուած որոշ գնահատականներ մի քանի անգամ կրկնում է, կարծես մտավախութիւն ունենալով, որ ընթերցողը չանդրադառնայ ու ուշադիր չլինի այդ հարցերի նկատմամբ եւ դրանով ցանկանում է, որ ընթերցողի մտքում անպայման տեղ գտնեն այդ գնահատականները։

Հեղինակի մօտեցումները հետաքրքիր էին։

Խորհուրդ կը տամ կարդալ։

Ի դէպ գիրքը տարիներ առաջ թարգմանուել է նաեւ պարսկերէն։

Լաւ մնացէք։

Sunday, November 21, 2010

NO COMMENT

"Այս միջոցին պարթեւներու Հրահատ թագաւորը կը յարձակէր Հայաստանի վրայ։ Ի լրումն դժբախտութեան, Տիգրան Բ.-ի հարազատ որդին, կրտսերն Տիգրան դաւաճանական ամօթալի արարք մը գործեց։ Ան զօրամասով մը անցաւ պարթեւներուն կողմը... Կրտսերն Տիգրանի զօրամասին օժանդակութեամբ պարթեւները պաշարեցին հայոց Արտաշատ մայրաքաղաքը"։


"Հայոց պատմութիւն", Հրանդ Փաստրմաճեան, էջ 76

Friday, November 19, 2010

KNIGHT AND DAY

Նրանց, ովքեր հետաքրքրուած են կատակերգութեամբ համեմուած արկածախնդրական ֆիլմերով, խորհուրդ կը տամ դիտել Knight & Day-ը։


Արտադրուել է 2010 թուականին։

Բեմադրիչն է James Mangold-ը։

Տեւողութիւնը 109 րոպէ է։

Գլխաւոր դերակատարներն են Կամերոն Դիազը եւ Թոմ Քրուզը։

Այս ֆիլմն ինձ յիշեցրեց Mr. & Mrs. Smith-ը։ Նոյնիսկ երաժշտութիւնը տեղ տեղ դա է յիշեցնում։
Չիփս ու գարեջուր չմոռանաք։

Լաւ մնացէք։

Saturday, November 13, 2010

ՀԷՆՑ ՆՈՅՆ ԶԳԱՑՈՒՄԸ

Եթէ դուրս գաք ձեր աշխատանքի վայրից ու մօտենաք փողոցում կայանած ձեր մեքենային եւ տեսնէք, որ մեքենայի առջեւը ներս է մտել (այսինքն խփել են ձեր մեքենային), ի՞նչ զգացում կունենաք։

Երեկ ես հէնց այդ նոյն զգացումն ունէի։

Լաւ մնացէք։

Monday, November 1, 2010

ԴԱՍ

"Երբ [Պոմպէոս] իր իշխանութեան տակ ունեցաւ Տիգրանը, զոր կրնար իր յաղթանակի կառքին կապել, նախընտրեց զայն դաշնակից դարձնել, ըսել է թէ մէկ օրուան փառքէն նախամեծար կը համարէր բոլոր դարերուն փառքը"։

"Հայոց պատմութիւն", Հրանդ Փաստրմաճեան, էջ 80