Wednesday, September 29, 2010

...LIKE DONKEYS

"Incredible things are hapening in the world. Right there across the river there are all kinds of magical instruments while we keep on living like donkeys".


Jose Arcadio Buendia

Tuesday, September 28, 2010

ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԹԷ ՁՈՒԼՈՒՄ

[Տիգրան Մեծ] ամուսնացաւ Պոնտոսի թագաւոր Միհրդատ Զ. Եւպատորի աղջիկներէն մէկուն՝ Կղէոպատրայի հետ եւ բարեկամական յարաբերութիւններ մշակեց այս նորաստեղծ մեծ պետութեան հետ...

Մարաստանը Հայաստանին միացնող կապերը ամրացնելու համար, Տիգրան իր աղջիկներէն մէկը կնութեան տուաւ այդ երկրի թագաւորին։

"Հայոց պատմութիւն", Հրանդ Փաստրմաճեան, էջ 48-49


Կարդում եմ վերոյիշեալ նախադասութիւններն ու մտածում, որ Տիգրան Մեծի արածները շատերը համարում են դիւանագիտական քայլեր՝ մէկ կողմից դաշնակցում է Պոնտոսի հետ, միւս կողմից Մարաստանի հետ եւ այս ամբողջը բարեկամախնամիական կապեր հաստատելով...

Իսկ եթէ այլ տեսանկիւնից նայենք հարցին՝ խառն ամուսնութիւններ, յանուն իշխանութեան ու սահմանների ընդարձակման՝ հայի արիւնը օտարների արեան հետ խառնել, ձուլում...

Եզրակացութիւն։ Ցանկացած հարցի կարելի է նայել տարբեր տեսանկիւններից։

Լաւ մնացէք։

Monday, September 27, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿԱՌՈՅՑԸ

"Այլազան ազդակներու ազդեցութեան ներքեւ ... Հայաստանի մէջ յառաջացած է աւատապետական իսկական վարչակարգ մը։ Հայաստանի թագաւորի իշխանութեան տակ ռազմական ազնուականութիւն մը գոյութիւն ունի, որ լայն իրաւունքներ կը վայելէ, հողեր ստացած է եւ կը բնակի իշխող բարձունքներու վրայ կառուցուած դղեակներու մէջ"։

"Հայոց պատմութիւն", Հրանդ Փաստրմաճեան, էջ 54-55


Տեղեկացնեմ, որ խօսքը մեր թուականաութիւնց մէկ դար առաջուայ մասին է։

Զարմանալի զուգադիպութեամբ այդ աւատապետական ընկերային կառոյցը առկայ է նաեւ այսօր եւ փոփոխութեան որեւէ նշոյլ անգամ ցոյց չի տալիս։


Լաւ մնացէք։

Friday, September 24, 2010

"ԲՈՐԽԵՍ։ ՄԻ ԿԵԱՆՔ"

Հաճելի է, երբ գրասենեակումդ նստած ես ու մի ընկեր, այն էլ հառաւոր Բոէյնոս Այրէսից, որին հանդիպել ես 2003 թուականին համահայկական բանակումի ընթացքում, այցելում է քեզ եւ կիսում իր մտքերն ու ապրումները քեզ հետ։

Յետոյ տալիս է մի կապոց։ Բացում եմ կապոցն ու տեսնում, որ մի գիրք կայ ու մի շապիկ (T.Shirt)։ Գիրքն ուղարկել է մի ընկեր՝ այն էլ հեռաւոր Բոէյնոս Այրէսից, որին հանդիպել եմ 2003 թուականին էլի համահայկական բանակումի ընթացքում ու էլ չեմ հանդիպել։
Ալեխանդրօն ինձ ուղարկել է "Բորխես։ Մի կեանք" գիրքը*։ Սա արդէն երկրորդ գիրքն է, որ Ալեխանդրօն ուղարկում է ինձ։ Մի երկու տարի առաջ էլ ուղարկել էր Մարկեսի "Հարիւր տարուայ մենութիւն" գիրքը։ Բանակումի ընթացքում Արգենտինայից եկած տղաների հետ խօսեցի Հարաւ Ամերիկեան գրականութեան եւ ֆուտբոլի մասին։ Ալեխանդրօն նկատել է իմ սէրը Հարաւ Ամերիկեան գրականութեան կապակցութեամբ։

Գրքի հեղինակը Էդուին Ուիլիամսոնն է։ Այն, ինչպէս անունից էլ պարզ է Արգենտինացի գրող, բանաստեղծ Խորխէ Լոյիս Բորխեսի կենսագրութիւնն է։ Առաջին անգամ հրատարակուել է 2004 թուականին Ամերիկայի Միացեալ Նահանգներում։

Շապիկը ուղարկել է մէկ այլ ընկեր՝ Ղուկասը Կորդոբայից։ Նրանում Դաշնակցութեան զինանշանը ասեղնագործուած է։

Շնորհակալ եմ ընկերներին։
Երեւոյթը հետաքրքիր է ու հաճելի։
Երկու նուէրներն էլ իրենց մէջ իմաստ են պարունակում։
Մէկը յիշեցնում է, որ պատկանում ենք գաղափարական մէկ ընտանիքի եւ անելիք ունենք եւ միւսը պարտադրում է ... կարդալ ու մտածել։

Լաւ մնացէք։

* Borges, A life, Edwin Williamson.

Wednesday, September 22, 2010

ՓՈՇԻ

Կայքէջիս վրայ կարծես փոշի է նստել։
Փոշին պիտի մաքրեմ, բայց մաքրելու համար տրամադրութիւն է պէտք, որ յաճախ չկայ։

Լաւ մնացէք։

Wednesday, September 8, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

Երեկ ուշ գիշերուան բազկաթոռին նստած փոխում էի հեռուստաալիքները։ Տեսայ Հ1-ով սփռում են Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլի ազգային հաւաքականների մրցախաղը։

Թէեւ, անկեղծ ասած, առանձնապէս հետաքրքրուած չեմ Հայաստանի ֆուտբոլով, բայց ուշ գիշեր էր, միւս ալիքներն էլ հետաքրքիր բան ցոյց չէին տալիս, չփոխեցի ալիքն ու սկսեցի դիտել։ Բարեբախտաբար երկրորդ խաղակէսն էր։

Ու ինչ տեսնեմ։ Դա ֆուտբոլ չէր... Ճիշտն ասած գիտէի որ մերոնք ոչ թէ վատ, այլեւ շատ վատ են խաղում, բայց որ այդքան վատ՝ չէի պատկերացնում... Կարճ ասած խեղկատակութիւն։ Երկու իրար արժանի մրցակիցներ։ Ոչ նրանք գիտէին ինչ են անում, ոչ էլ սրանք։

Իմ մօտ այն տպաւորութիւնը առաջացաւ, որ մերոնք մրցոյթի հրաւէր են ստացել, ճանապարհին իրենց հետ վերցրել են նաեւ մօրաքրոջ տղաներին ու խնամու թոռներին... Նպատակ՞ը։ Թէ Մակեդոնիան կը տեսնեն, թէ մի խաղն ինչ է էլի` կը խաղան։

Թիւրիմացութիւն չառաջանալու համար նշեմ, որ այս գրութեանս նպատակը հաւաքականին քննադատելը չէ։ Հաւաքականը խաղում է այնպէս ինչպէս երկրի մնացած բոլոր մարդիկ պատկան բնագաւառում՝ պատգամաւորները՝ Ազգային Ժողովում, Արտաքին Գործոց Նախարարութիւնը՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ այլն։ Որակը նոյնն է։

Մի խօսքով ֆուտբոլ դիտելու փոխարէն դիտեցի կատակերգութիւն։

Լաւ մնացէք։

Monday, September 6, 2010

ՀԱՇՈՒԻՉՆԵՐ

Դուք էլ ունէ՞ք այնպիսի բարեկամներ, հարեւաններ, ընկերներ ու ծանօթներ, որոնք իրենց հացն ուտում՝ ուրիշների կեանքով են հետաքրքրւում։ Այլ խօսքով ասած, կարծես ուրիշ բան ու գործ չունեն, բացի ուրիշների արածն ու չարածը, առածն ու չառածը, կերածն ու չկերածը հաշուելուց։ Կարծես մի տեսակ հաշուիչ լինեն։ Ով ում հետ լաւ է, ում հետ վատ է, ճաշին ինչ է կերել, ինչ չի կերել, շապիկը որտեղից է առել, որտեղից չի առել, ում հետ նշանուեց, ում հետ չնշանուեց։

Եթէ ունէք այդպիսի բարեկամներ, հարեւաններ, ընկերներ ու ծանօթներ, ապա ասէք խնդրեմ ինչպէ՞ս պիտի վարուել նրանց հետ եւ ինչպէ՞ս պիտի պատասխան չտալ նրանց անտեղի, իրենց բացարձակապէս չվերաբերող եւ նրանց անդաստիարակութեան ու անքաղաքավարութեան մասին աղաղակող հարցումներին։

Օրինակ ընդունուած է մարդկանցից չհարցնել նրանց եկամուտի աղբիւրը կամ աշխատավարձը, երեխայ չունեցող զոյգից չհարցնել դրա պատճառը, կանանցից չհարցնել նրանց տարիքը, ամուսնալուծուածից չհարցնել ամուսնալուծութեան պատճառը եւ նմանատիպ հազար ու մի բան։ Բնականաբար բացառութիւն են կազմում հարազատները։ Իսկ այս հաշուիչները ճակատագրի բերմամբ չգիտես ինչու բոլորի հետ էլ հարազատ են՝ հարազատից աւելի։

Ու արի ու տես որ այս մարդիկ, եթէ այդպիսի հարցերի պատասխանները չունենան կընկնեն շոկի մէջ ու գիշերները չեն քնի։

Ու ամենահետաքրքիրն էլ այն է, որ ամենաշատը հէնց այդ տեսակ մարդիկ են ասում, որ իրենք ուրիշների կեանքով հետաքրքրուած չեն։ Այ քեզ բան... Ախր քոյրիկ ջան, ախպէր ջան, դու եթէ չիմանաս իմ կերած հաւի կուտը ֆերմատէրը ում փողող ու որ խանութից է գնել ու այդ խանութի տէրը այդ ֆերմատէրի փողով ինչ է արել, գիշերը չես քնի...

Մի խօսքով՝ լուծումն ի՞նչ է, չգիտեմ։

Լաւ մնացէք։