Thursday, April 29, 2010

ՏՆՏԵՍԱԿԱՆ Ա՞Ճ

Կարծում եմ վատ չի լինի Հայաստանում տնտեսական աճի մասին խօսողները կարդան հետեւեալ լուրը։

http://www.azatutyun.am/content/article/2027204.html

Wednesday, April 28, 2010

ՏՂԱՅԻՍ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ

Ապրիլի 24-ին ընտանիքով գնացինք Ծիծեռնակաբերդ։ Յուշահամալիրի մօտ մեզ մօտեցաւ "Արմենիա" հեռուստաընկերութեան լրագրողն ու հարցրեց, որ արդեօք կարո՞ղ է տղայիս հարց տալ։ Ասացի այո։

Հարցրեց "Գիտես այսօր ինչու՞ ես այստեղ եկել, հայրիկը քեզ բացատրե՞լ է"։ Տղաս էլ պատասխանեց` "Այո, այսօր Ապրիլի 24-ն է, եկել եմ ծաղիկ դնել զոհերի յիշատակին"։ Յետոյ մի երկու բան էլ աւելացրեց։

Տուն գնացինք։ "Արմենիայի" լուրերի բաժնում ցոյց են տալիս տղայիս հետ կատարած հարցազրոյցը։ Տղաս դիտում է եւ հարցնում՝ "Մնացածը ինչու՞ չեն ցոյց տալիս"։ Խօսքը վերոյիշեալ նախադասութիւնից յետոյ ասած մի քանի բառի մասին է։ Փաստօրէն նեղացել էր, որ ինչու են իր խօսքերը կրճատել։


Մտածում եմ ինչքան եմ լսել այն մասին, որ այսինչ կոմպոզիտորը չորս տարեկանում սիմֆոնիա էր գրում ու այնինչ գիտնականը երեք տարեկանում գիւտ էր անում եւ այլն։ Հիմա երբ տղաս մեծանա, եթէ պատահի որ մտնի քաղաքականութեան մէջ եւ ասի, որ ինքը չորս տարեկանում մասնակցել է "ՈՉ"-ի արշաւին եւ բողոքել այն ժամանակուայ իշխանաւորների որդեգրած ապազգային քաղաքականութեան դէմ եւ չորս ու կէս տարեկանում հարցազրոյց է տուել հեռուստաալիքներին, թող ոչ ոք չզարմանայ։ Փաստերը կան։
Լաւ մնացէք։

Friday, April 23, 2010

ՈՒՂԵՐՁԻ ՄԱՍԻՆ

Նախագահ Սարգսեանի ուղերձը հայկական լրատուամիջոցներում ներկայացւում է այնպէս, որ մի պահ թւում է, որ իշխանութիւնները Նախագահի ղեկավարութեամբ յետ են վերցրել Սիսն ու Մասիսը։

Մինչդեռ իրականութիւնն այլ բան է։

Իրականում ոչ մի բան էլ ըստ էութեան չի փոխուել։ Իշխանութիւնների նախաձեռնած Հայաստան-Թուրքիա այս ձեւով յարաբերութիւնների քաղաքականութիւնը շարունակւում է եւ ստորագրուած նուաստացուցիչ արձանագրութիւնները գոյատեւում են։

Նախագահը Ազգային Ժողովից յետ է վերցնում արձանագրութիւնները։ Յետո՞յ։ Իսկ եթէ Թուրքիան յառաջիկայ շաբաթուայ ընթացքում իր խորհրդարանում քննարկման դնի ու վաւերացնի արձանագրութիւնները, ի՞նչ կը պատահի։ Մեր իշխանութիւնները հէնց այնպէս որ մէկ անգամ արձանագրութիւնները ուղարկել են Ազգային Ժողով ու մէկ անգամ էլ յետ են վերցրել, հէնց այդպէս էլ դրանք կրկին կուղարկեն Ազգային Ժողով ու Ազգային Ժողովն էլ մի ակնթարթում կը վաւերացնի արձանագրութիւնները։

Ուրեմն ի՞նչն է փոխուել ըստ էութեան եւ Նախագահի ուղերձի ո՞ր բաժինն է ուրախանալու առիթ տալիս։

Ուրախալի քայլը կը լինէր այն, որ Նախագահը յետ վերցնէր Հայաստանի ստորագրութիւնները արձանագրութիւնների տակից, այդ մասին տեղեակ պահէր միջնորդ պետութիւններին, յայտարարէր, որ Հայաստանի համար այդ արձանագրութիւնները այլեւս գոյութիւն չունեն, նաեւ այն, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել յարաբերութիւններ, սակայն ամէն ինչ նոր տողից։ Ահա սա կը լինէր յաջողութիւն, այդ էլ այս հանգրուանի համար։

Այս հանգրուանի համար, որովհետեւ անվիճելի է, որ այն ինչ այս առումով կատարուել է ցարդ, մեծ վնաս է հասցրել Հայաստանին եւ հայութեան։ Այդ վնասների հետեւանքների սրաբագրումն ինքնին երկարատեւ ու հետեւողական աշխատանք է պահանջելու։

Իսկ կարծում եմ աւելորդ է խօսել այն մասին, որ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետութիւնում ձեւաւորուած չէ քաղաքական գործիչներին իրենց ասածների ու արածների համար պատասխանատւութեան կանչելու մշակոյթը, ուրեմն ոչ ոք էլ պատասխան չի տայ Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելու այսպիսի խայտառակ քաղաքականութիւն իրականացնելու, այդպիսի նուաստացուցիչ արձանագրութեան տակ ստորագրութիւն դնելու, Թուրքիայից արձանագրութիւնների վաւերացումը ամէն գնով աղերսելու, հայութեան տարբեր հատուածների մէջ սեպ խրելու եւ այլնի ու այլնի համար։ Նոյնը ներքին, յատկապէս ընկերային-տնտեսական քաղաքականութեան ու դրանց հետեւանքների կապակցութեամբ։

Պինդ մնացէք։

Saturday, April 17, 2010

ԻՆՉՊԷ՞Ս ԵՍ։

- Ինչպէ՞ս ես։
- Լաւ եմ, շատ լաւ եմ։
- Բա ինչ կանես լաւ կը լինես, ես էլ քո տեղ լինէի լաւ կը լինէի։
- (Բազմաթիւ հարցական նշաններ մտքումս)...


- Ինչպէ՞ս ես։
- էհ, լաւ չեմ, գործերս էլ վատ են։
- Սա էլ նոր լացելու ձեւ է։
- (Կրկին բազմաթիւ հարցական նշաններ մտքումս)։

Ի՞նչ պատասխանել մարդկանց "ինչպէ՞ս ես" հարցին։ Դրական ենք պատասխան տալիս, մի բան են ասում, բացասական ենք պատասխան տալիս, մի այլ բան են ասում, առաջինի դէպքում չեն ուրախանում, երկրորդի դէպքում էլ չեն տխրում։

Յամենայնդէպս կարճ ասած ես այն կարծիքին եմ, որ պիտի դրական պատասխան տալ։ Եթէ նոյնիսկ մարդը վատ է ու գործերը լաւ չեն, պիտի դրական պատասխան տայ, որովհետեւ եթէ նոյնիսկ վատ էք ու ճիշտն էք ասում, մէկ է՝ դրանից որեւէ օգտուտ չկայ։ Ուրեմն եթէ դրանից որեւէ օգտուտ չկայ, ու եթէ ձեր խօսակիցը չի ցանկանում կամ ցանկութեան դէպքում էլ չի կարող ձեզ համար մի բան անել, աւելի լաւ չէ առնուազն ստեղծել դրական լիցք՝ "Լաւ եմ, շատ լաւ եմ"։

Լաւ մնացէք։

Wednesday, April 14, 2010

ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Մի յօդուած եմ գտել "Մատուցողների 30 գաղտնիքները" վերնագրով։Հետաքրքիր յօդուած է։

Նշեմ գաղտնիքներից երկուսը։

Եթէ դուք վերադարձնում էք ձեր պատուիրած ապուրը, որովհետեւ այն սառն է՝ պահանջելով այն տաքացնել, շատ է պատահում, որ խոհանոցում ձեր գդալը դնում են եռացող ջրի մէջ եւ ապուրն առանց տաքացնելու վերադարձնում ձեզ։ Դուք գդալը դնում էք ձեր բերանը եւ զգում, որ այո, ապուրը տաք է ու առաջուանը չէ... Դուք բաւարարուած էք...

Չիկագոյի ճաշարաններից մէկի մատուցողներից մէկը խոստովանել է, որ իրենց ճաշարանում պատահել է, որ հաճախորդի պատուիրած ստէյկը նախքան մատուցելը խոհանոցում ընկել է գետնին։Ստէյկը վերցրել, լուացել են ու դրել պնակի մէջ ու ... մատուցել հաճախորդին...

Լաւ մնացէք։