Wednesday, March 31, 2010

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Իմ կարծիքով Երեւանի ճաշարաններում ու սրճարաններում սպասարկման մակարդակը անցնող մէկ-երկու տարուայ ընթացքում իջել է։Մատուցողների վերաբերումը եւ պատուիրած ուտելիքի կամ ըմպելիքի որակը առաջուայ նման չէ։Չեմ ուզում ընդհանրացնել, բայց առնուազն անձամբ ինձ համար տարբեր դէպքեր են պատահել տարբեր վայրերում, որն առիթ է տալիս այդպէս եզրակացնելու։

Վերջին դէպքը ահաւասիկ պատահեց երեկ գիշեր։

Արտերկրից հիւրեր ունէի։Որոշեցինք գնալ պիցցա ուտելու։Մտանք Երեւանի յայտնի ու մի քանի վայրերում մասնաճիւղ ունեցող պիցցերիաներից մէկը։

Ես պատուիրեցի բուսական (vegetarian) պիցցա։Քիչ անց սեղանին դրուեց մի պիցցա, որը իմ պատուիրածի հետ կապ չունէր։ Մատուցողին կանչեցի եւ հարցրի սա ինչ է։ Ասաց՝ նէապոլիտանական։Ասացի, բայց մենք այլ բան ենք ուզել։"Գնամ խոհարարի հետ խօսեմ" եւ այլն։ Ասացինք՝ անցած լինի, հէնց սա էլ կուտենք։


Պիցցաները վերջացնում ենք, սակայն դեռ չեն բերել երեխաների համար պատուիրած ուտելիքները։Կանչում եմ մատուցողին եւ հետաքրքրւում այդ մասին։ Պարզւում է մոռացել է։Գնում է խոհանոց եւ ահա տաս րոպէից սեղանին է մեր մնացած պատուէրները։

Կարծում եմ կը հաստատէք, որ բաւականին տհաճ է, երբ մի քանի հոգի միասին ճաշ են պատուիրում եւ մէկինը բերում են, մէկինը տաս րոպէ յետոյ են բերում, երրորդինը քսան րոպէ յետոյ։ Եւ առաջինը չգիտի իր ճաշը ուտել, թէ յանուն քաղաքավարութեան սպասել մինչեւ միւսներինն էլ բերեն ու եթէ սպասի, արդէն իր կերակուրն է սառում եւ այլն։Այս դէպքն ինձ համար պատահել է բազմաթիւ անգամներ տարբեր ճաշարաններում։

Մեզնից ձախ նստած են մի մարդ ու կին։Կինը ուզում է մատուցողին կանչել։ Մատուցողները մի սեղանի շուրջ նստած խօսում են։Կինը ձեռքը բարձրացրեց։Արձագանք չկայ։Ձեռքերը օդում թափ տուեց։ Անօգուտ։ Կինը ձեռքերը այնքան թափ տուեց, որ մտածեցի սա հիմա կը թռնի։ Բայց ի զուր։Մատուցողները նրան չէին կնատում։Կինը ճարահատուած բարձր ձայնով կանչեց։Ու մի մատուցող մօտեցաւ նրան։

Վերոշարադրուածը ինչի՞ն պիտի վերագրել։Եւ ի՞նչ անել՝ մատուցողի հետ կռուե՞լ։Տնօրէնի՞ն կանչել։Հրաժարուե՞լ ճաշարան ու սրճարան գնալուց։Հանդուրժել ու համակերպուե՞լ։

Լաւ մնացէք։

Wednesday, March 24, 2010

ԱՆՏԱՇԱՏ

Սէրը քացով խփեց այնտեղիս,
Որտեղից ենթադրւում էր իմ շարունակելիութիւնը...

Գործ N0. 2110-08
Անտաշատ (էջ 24)
Կարէն Անտաշեան

Saturday, March 20, 2010

ՉԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

Ճիշտն ասած մի քանի ժամանակ է ինչ դժուարութեամբ եմ կենտրոնանում մի բանի վրայ։

Մտքերս խառն են, չափազանց ցաք ու ցրիւ։ Բժիշկ չեմ, բայց զգում եմ տխրամածութեան (Deepression) նշաններ են։

Երեկ ուզում էի ժամն իմանալ... մի քանի վայրկեան նայելուց յետոյ ուշքի եկայ ու հասկացայ, որ ձախ ձեռքս բարձրացրել եմ ժամացոյցիս նայելու համար, բայց ժամը չեմ տեսնում, որովհետեւ ... սեղանի վրայի տետրիս եմ նայում...

Չկենտրոնանալ, նշանակում է անարդիւնաւէտութիւն ու պատահականութիւն։

Մի խօսքով կարծում եմ պիտի ուժերս հաւաքեմ։

Ուժերն հաւաքելու համար անհրաժեշտ է կենտրոնացում ու կամք։Իսկ կենտրոնացում չկայ։Ի՞նչ անել։

Պինդ մնացէք։

Wednesday, March 17, 2010

Sunday, March 14, 2010

Ի՞ՆՉ ԵՓԵԼ

Ստորեւ տպագրում եմ կերակրացանկ (ճաշացուցակ) բոլոր այն կանանց համար, ովքեր ամէն օր իրենց ամուսիններին հարցնում են՝ "Այսօր ի՞նչ պատրաստեմ"։

Թէեւ ցուցակը ես եմ պատրաստել, բայց հրաժարուելով հեղինակային իրաւունքից, խորհուրդ եմ տալիս կայքէջս այցելող բոլոր տղամարդկանց (եւ կանանց) այն տպել եւ փակցնել խոհանոցում աչքի ընկնող մի տեղ։

Սոյն կերակրացանկը պատրաստուել է պարզապէս կանանց աշխատանքը հեշտացնելու նպատակով եւ որեւէ մէկի հարցի գրաւոր պատասխանը չէ։
Դրանց մի մասը պատրաստելու համար անխուսափելիօրէն պիտի ունենալ Իրանահայ բարեկամներ։

1. Կարմիր փլաւ (բրնձով), մսով (Հայաստանեան ուզբեկական փլաւի նման մի բան)։
2. Մակառոնի։
3. Ծաղկեկաղամբով խոռեշտ, բրնձով փլաւ։
4. Լոբիով խոռեշտ, բրնձով փլաւ։
5. Ոսպով փլաւ։
6. Ղոռմէ սաբզի, բրնձով փլաւ։

7. Հաւով փլաւ (բրնձով)։
8. Մաշով (լոբի) խոռեշտ, բրնձով փլաւ։
9. Տապակած հաւ եւ գետնախնձոր (կարտոֆիլ, կառտոշկա, ֆրի)։
10. Թասքաբաբ։
11. Լազանիա։
12. Աշ է ռեշտէ։
13. Հարիսա։
14. Փառինջ։
15. Ժառգօ։
16. Ձուկ (տապակած)։
17. Ձուկ (խորոված)։
18. Թփով տոլմա։
19. Կաղամբով տոլմա։
20. Խառը տոլմա։
21. Չիլի դագ։
22. Աբգուշտ։
23. Ջիգառ։
24. Լանգետ։
25. Բիֆ ստրոգանոֆ։
26. Խորոված։
27. Չելօ քաբաբ։
28. Ֆելաֆել։
29. Չիզբերգեր։
30. Պիցցա։
31. Լահմաճուն։
32. Շաուրմա։
33. Մածնապուր։
34. Աւելուկով ապուր։
35. Ֆեսենջան։
36. Ծովախեցգետին (թէեւ հօրս մահուանից յետոյ ծովախեցգետնի երես չեմ տեսել)։

37. Քֆտով շիլա։
38. Լափփէով խոռեշտ, փլաւ։
39. Չիփս ու պանիր։
40. Տապակած սունկ, դդմիկ, գետնախնձոր, ծաղկեկաղամբ եւ այլն։
41. Քոթլետ եւ ֆրի։
42. Քառաֆսով խոռեշտ, փլաւ։
43. Բամիյէով խոռեշտ, փլաւ։
44. Հալիմ է բադեմջան (սմբուկով հարիսա)։
45. Նրբերշիկ ու երշիկ։

Քառասունհինգ կերակրատեսակ, որ նշանակում է ամէն մէկ ամիս ու կէսը մէկ անգամ է հերթ հասնելու միեւնոյն կերակրին։

Ի դէպ, հետագային կրկին "Այսօր ի՞նչ պատրաստեմ" հարցը չլսելու համար, անհրաժեշտ է տղամարդ ամուսինները վերոշարադրուածի բաղադրամասերը նախօրոք գնեն ու տանեն տուն։ Հակառակ պարագային էլի նոյն հարցը լսելու են։

Լաւ մնացէք։
Յ.Գ. Չեմ յաւակնում, որ վերոյիշեալ ցանկն ամբողջական է։ Հետեւաբար ազատ զգացէք վերոյիշեալ ցանկին աւելացնել ձեր նախասիրած կերակրատեսակները։

Saturday, March 13, 2010

ՇՆՈՐՀԱՒՈՐ

Ուշացումով բոլոր սիրելի, հարազատ, յարգելի, ծանօթ, բարեկամ, քիչ ծանօթ (եւ այլն) կանանց շնորհաւորում եմ Կանանց եւ գեղեցկութեան տօնի կապակցութեամբ։

Յամենայնդէպս լաւ է ուշ, քան երբէք։
Լաւ մնացէք։

Thursday, March 11, 2010

ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ

Աւելի փոքր տարիքում մտածում էի, որ աշխարհում ամէն ինչ չափ ու սահման ունի։ Յիշում եմ ինչքան եմ վիճել այս տեսակէտիս մասին ու ինչքան եմ պնդել, որ այո, ամէն ինչում կայ չափ ու ու սահման։

Հետագայ տարիներին հասկացայ, որ բաներ կան, որ չափ ու սահման չունեն, ինչպէս օրինակ գիտութիւնը եւ նաեւ տգիտութիւնը։

Հիմա մտածում եմ, որ էլի բաներ կան, որ չափ ու սահման չունեն, ինչպէս օրինակ երեսառածութիւնը, ինքնահաւանութիւնն ու մեծամտութիւնը։

Եւ երբ աւելի խորն եմ մտածում, տեսնում եմ, որ վերջիններս առաջիններից մէկի՝ տգիտութեան ենթաբաժանումներն են։ Սրանք իրար հետ ուղղակի կապի մէջ են։ Ինչքան մարդը տգետ, այդքան աւելի մեծամիտ, երեսառած ու ինքնահաւան։ Իհարկէ ուրիշ ենթաբաժանումներ էլ կան։

Բայց սրանք շատ պարզ ճշմարտութիւններ են։ Ինչու՞ այսքան տեւեց, որ համոզուեմ։

Պինդ մնացէք։

Sunday, March 7, 2010

ՌՈՒՍԵՐԷՆ

2001 թուականից ապրում եմ Հայաստանում ու ոչ միայն ռուսերէն չեմ սովորել, այլեւ նոյնսիկ տառերը չգիտեմ։

Մօտաւորապէս ինը տարի եւ չեմ սովորել Հայաստանում հայերէնին համարժէք (իսկ շատերի համար հայերէնից աւելի կարեւոր) օտար լեզուի նոյնիսկ տառերը

Մտածում եմ ո՞րն է պատճառը.-

1.- օտար լեզու սովորելու ընդունակութիւն չունենալը,

2.- ռուսերէն չսիրելը,

3.- առօրեայ հոգսերն ու գործերն ու դրանցից բխող առաջնահերթութիւնները,

4.- ժամանակի սղութիւնը,

5.- ծուլութիւնը,

6.- տարիքը,

7.- անլուրջ վերաբերումը,

8.- նպատակի անորոշութիւնը ծախսուող ժամանակի ու ջղի յարաբերութեամբ,

թէ ուրիշ պատճառ։

Յամենայնդէպս երկու բան պիտի հաստատեմ։ Առաջին՝ թէեւ այս առումով մէկին հաշուետու չեմ, սակայն վատ եմ զգում, որ ինը տարիների ընթացքում ռուսերէն չեմ սովորել եւ երկրորդ՝ վերոշարադրուած պատճառներից հինգերորդը իմ կեանքում ինձ մեծ վնաս է պատճառել։

Լաւ մնացէք։

Saturday, March 6, 2010

ԱՅ ՔԵԶ ԲԱՆ...

Երեկ Հայաստանում էլ մամլոյ ակումբ ու էլ հեռուստաալիք չկար, որը ողողուած չլինէր Հայաստանի տարատեսակ ու տարբեր տրամաչափերի իշխանաւորներով, որոնք միաբերան մի բան էին վանկարկում՝ Ամերիկայի Կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումը ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքի արդիւնք է։

Ինչպէս ասում են հայաստանցիները՝ այ քեզ բան։ Ամբողջական հայութիւնից այն կիսատ պռատ բանն էլ որ մնացել էր, սրանք քանդեցին, հիմա խօսում են ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքի մասին։

Ակամայ յիշեցի "թքում են մարդու երեսին, ասում է անձրեւ է գալիս"։

Խուլ էի՞ք, չէի՞ք լսում, որ մարդիկ դէմ են քուէարկում պատճառաբանելով Թուրքիայի ու ձեր միջեւ ստորագրուած արձանագրութիւններն ու ընթացող բանակցութիւնները։

Յետոյ խօսքը ինչ հաւաքական աշխատանքի մասին է, երբ այդ հաւաքականութեան իշխանական մասը մտել է թուրքերի...

Ո՜չ, հայրենակից։ Սա հայրենիքում չծնուած ու չմեծացած Սփիւռքահայերի աշխատանքի արդիւնք է, որին ցաւօք սրտի, Հայաստանի իշխանաւորները ոչ միայն ոչ մի նպաստ չբերեցին, այլեւ աւելին՝ ջուր լցրեցին թշնամու ջրաղացը անցնող մէկ-մէկ ու կէս տարուայ իրենց արածներով։

Իսկ "ամբողջ հայութեան հաւաքական աշխատանքը" սրանից անհամեմատելիօրէն աւելի շատ արդիւնք կունենայ ու ոչ միայն Ցեղասպանութեան հարցում։ Այդ գիտակցութեան պիտի գալ։

Չեմ զարմանայ, որ այս իշխանաւորները որոշ ժամանակ անց յայտարարեն, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ստորագրուած արձանագրութիւնները իրենք չեն ստորագրել, այլեւ հաւանաբար այլմոլորակայինները այս իշխանաւորների տեսքով, իսկ ստորագրութեան տեսաերիզն էլ կեղծ է, կինեմատոգրաֆիայի հնարք։ Արդէն դրան էլ ենք պատրաստ։

Պինդ մնացէք։

Friday, March 5, 2010

ԱՆՏԵՂԵԱԿ ԹՂԹԱԿԻՑԸ

BBC-ի ձայնասփիւռի հաղորդավարը հարցնում է Ուաշինգտոնի իրենց թղթակցին, որ ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը արդե՞օք հայկական լոբբիստական խմբակցութիւնների աշխատանքների արդիւնք է։ Եւ թղթակիցն էլ պատասխանում է՝ անշուշտ։

Իսկ ես մտածում եմ, որ թղթակիցը աշխարհից անտեղեակ է, որովհետեւ դա ոչ թէ հայկական լոբբիստական խմբակցութիւնների աշխատանքների արդիւնք է, այլեւ Հայաստանի իշխանութիւնների վարած արտաքին փայլուն քաղաքականութեան (ներքին քաղաքականութեան մասին էլ չեմ խօսում, որովհետեւ այդ մէկն ուղղակի շողշողուն է)։

Պինդ մնացէք։

Tuesday, March 2, 2010

THE BURNING PLAIN

Սէր... Դաւաճանութիւն... Ցասում... Անօգնականութիւն... Եւ Շարլիզ Տերոն...


Խօսքը "Այրուող հովիտը" տեսաերզի մասին է (կարծում եմ այսպէս պիտի թարգմանել The Burning Plain-ը)։

Արտադրուել է 2008 թուականին։

Բեմադրիչն է Գիլեռմօ Արիագան (Guillermo Arriaga)։

Խորհուրդ կը տամ դիտել։

Լաւ մնացէք։