Friday, March 20, 2009

"ԳՈՐՏԸ ԿՈՒԼ ՏՈՒՐ" (5)

Ուշադրութիւն դարձնելու եւ կենտրոնանալու սովորութիւններն առաջացնելու եւ զարգացնելու համար երեք հիմնական յատկանիշ կայ, որոնք բոլորն էլ սովորելու են՝ որոշում կայացնել, կարգապահութիւն եւ կամք։ էջ 25

Saturday, March 14, 2009

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

Ես խոստովանում եմ, որ խենթանում եմ հասարակագիտութեան (sociology), յատկապէս քաղաքական հասարակագիտութեան (political sociology), հասարակական հոգեբանութեան (social psychology) եւ հասարակագիտական տեսութիւնների (sociological theories) համար։

Wednesday, March 11, 2009

“ԱՌՈՂՋ ՀԱԳՆԷՔ”

Անցեալ Կիրակի օրը մի տաբատ գնեցի ու այն տարայ կարճացնելու։
Կարանողը մի երիտասարդ աղջիկ էր, ենթադրում եմ հազիւ 20-22 տարեկան։ Սկզբում տարակուսեցի մտածելով սրա գործն է, սրա գործը չէ, տաբատս չփչացնի, բայց ռիսկի դիմեցի։ Աղջիկը աչքերիս առաջ վարպետօրէն մի քանի րոպէում տաբատը կարճացրեց։

Գումարը վճարեցի, ցտեսութիւն ասացի ու ի պատասխան աղջկանից լսեցի մի դարձուածք, որը մինչ այդ չէի լսել՝ “առողջ հագնէք”։

Ճանապարհին մտածեցի այդ արտայայտութեան մասին։ Հետաքրքիր էր։

Յետոյ մի երկու զուգահեռ անցկացրի։

Ճաշարանում հաճախ է պատահել, որ ոչ միայն սեղանակիցները կամ մատուցողները, այլ նոյնիսկ ճաշարան նոր մտնող կամ դուրս գնացող անծանօթները ասել են “բարի ախորժակ”։

Կամ միրգ գնելիս մրգավաճառներն ասում են “անուշ լինի”։

Յամենայնդէպս “բարի ախորժակ”-ն ու “անուշ լինի”-ն արդէն ականջիս ծանօթ են, իսկ “առողջ հագնէք”-ը՝ ոչ։ Ու սա, ի հարկէ, առաջին անգամը չէ, որ տաբատ եմ տալիս կարճացնելու, բայց մինչ այդ նման բան չէր հանդիպել։

Մի երկու Հայաստանցի ընկերներիս հարցրի, նրանք էլ ասացին, որ այդ արտայայտութիւնն առաջին անգամն են լսում։

Ինչեւէ հետաքրքիր էր ու հաճելի։

Այնպէս որ ձեր նոր տաբատները առողջ հագնէք։

Saturday, March 7, 2009

“ՎԷՐՔ ՄԵԾԱՄՏԱՑ”

Ֆրանսիայի “Յառաջ”-ի յունուարեան համարներից մէկում հրատարակուել է մի գրութիւն “Վէրք պարսկահայոց” վերնագրով, որը տպուել է Կանադայի “Հորիզոն”-ի Փետրուարի 12-ի եւ Իրանի “Ալիք”-ի Փետրուարի 12-ի համարներում։

Այդ գրութիւնը կարող էք կարդալ "
Հորիզոն" եւ "Ալիք

Նշեալ գրութեանն ի պատասխան գրել եւ “Յառաջ”-ին եմ ուղարկել մի յօդուած “Վէրք մեծամտաց” անունով, որը հրատարակում եմ ստորեւ։ Ցարդ չգիտեմ “Յառաջ”-ն այն հրատարակել է թէ ոչ
։

ՎԷՐՔ ՄԵԾԱՄՏԱՑ

Փարիզի “Յառաջը” 2009 թուականի Յունուարի համարում հրատարակել է մի գրութիւն “Վէրք Պարսկահայոց” վերնագրով, որը վերահրատարակուել է Կանադայի “Հորիզոն”-ի (12 Փետրուար) ու Իրանի “Ալիք”-ի (12 Փետրուար) կողմից։

Թերեւս եթէ չլինէր գրութեան մէջ տեղ գտած “կուրօրէն… ոչխարի ու գառան պէս գնում են” արտայայտութիւնը, ես ժամանակ չդնէի այդ չափազանց յուզական ու տրամաբանութիւնից զուրկ գրութեանը անդրադառնալու։

Սակայն երբ տեսայ, որ մէկն իրեն իրաւունք է վերապահել ամբողջ մի համայնքի անդամների վիրաւորել, եւ ես այդ համայնքի անդամներից եմ, չկարողացայ չգրել։

Հիմնական զարմանքս էլ վերաբերում է ոչ թէ գրութեան հեղինակին, այն պարզ պատճառով, որ գրութիւնը լոզունգներից ու վիրաւորանքից բացի այլ բան չի պարունակում, այլ վերոյիշեալ թերթերին, որովհետեւ այդ թերթերն առնուազն ինձ համար լուրջ ու յարգելի թերթեր են։

Այդ թերթերի էջերում տեղ տալ գրութիւնների, որոնք չեն վերլուծում երեւոյթների պատճառներն ու հետեւանքները, պարունակում են անճիշտ տեղեկութիւններ ու այդպիսի կնճռոտ հարցի կապակցութեամբ պարզապէս լեցուն են յուզախառն լոզունգներով՝ զարմանալի է։

Իմ մասին շատ կարճ ասեմ, որ ծնուել ու մեծացել եմ Իրանում, ճաշակել եմ Իրանի իսլամական յեղափոխութիւնն ու Իրան-Իրաք ութամեայ պատերազմը, 2001 թուականից կայք եմ հաստատել Հայաստանում։ Ունեմ բազմաթիւ հարազատներ, բարեկամներ, ընկերներ ու ծանօթներ, որոնք անցնող տասնամեակների ընթացքում Իրանից դուրս են եկել ու հաստատուել Աւստրալիայում, Հիւսիսային Ամերիկայի ու Եւրոպայի երկրներում, հիմնականում Ամերիկայի Միացեալ Նահանգներում։

Իմ մասին ասեմ նաեւ հետեւեալը։ Ես վաղը որտեղ կապրեմ՝ Շանհայում, Լոս Անջելեսում, Փարիզում, Թեհրանում, Բրազիլիայում թէ Երեւանում՝ Աստուած գիտի։ Սակայն ուր էլ ապրեմ ճշմարտութիւնը դրանից չի փոխւում։ Ոչ ոք իրաւունք չունի մէկ ուրիշի ասել, թէ նա որտեղ պիտի ապրի։ Դա մարդու ամենատարրական իրաւունքներից մէկն է։ Իսկ առաւել եւս այդ իրաւունքը նրանք չունեն, ովքեր ապրում են եւրոպաներում ու ամերիկաներում։ Ապրել բարեկեցիկ երկրներում ու Երրորդ Աշխարհի բնակիչներին ասել “գնում են, գնում”, մնացէք տեղում, նուազագոյնը զաւեշտական է։

Գրութիւնից պարզւում է, որ Իրանից դուրս եկող բոլոր հայերը, նոյնիսկ “ազգային դէմքերը, ուսուցիչները, գրողները, մտաւորականները” “կոյր” են ու “ոչխար ու գառ”, ու հաւանաբար միմիայն գրութեան հեղինակն է, որ լուսաւոր է ու տեսել է ճշմարտութիւնը՝ այն էլ, ի հարկէ, Փարիզից։

“1979 թուականի Իսլամական յեղափոխութեան հետեւանքով համայնքի կէսն (շուրջ 150 հազար) արդէն արտագաղթեց։ Իսկ այս վերջին տարիներին՝ աւելի քան 30-40 հազար հայ…”։ Այս թուերի ճիշտ ու սխալի մասին չեմ վիճում։ Պարզապէս հարցնում եմ՝ դուք անձնական ի՞նչ յատկանիշներ ու ի՞նչ որակներ ունէք, որ ձեզ թոյլ էք տալիս ձեր թուերով 180-190 հազար մարդու կոչել ոչխար ու գառ։ Այդ իրաւունքը ինչպէ՞ս էք վաստակել։

Մի պահ մտածել էք, որ ինչու՞ են մարդիկ, անկախ այն բանից, որ ուսուցիչ են թէ խանութպան, գործարար են թէ պաշտօնեայ, արհեստաւոր են թէ դասախօս, որոշում տարիների ընթացքում հաստատած իրենց տունն ու տեղը, իրենց քրտինքի արդիւնքը, հասարակական դիրքն ու նիւթական հարստութիւնը, տակն ու վրայ անել, քանդել ու փորձել հաստատուել մէկ այլ երկրում, որի նոյնիսկ լեզուն ու հասարակական յարաբերութիւնները յաճախ չգիտեն։ Միեւնոյն քաղաքում տնից տուն տեղափոխուելը հեշտ չէ, էլ ուր մնաց երկրից երկիր տեղափոխուելը։ Ուրեմն ինչու՞ են նրանք, երիտասարդ թէ ծեր, աղջիկ թէ տղայ, կրթուած թէ անկիրթ դիմում այդ քայլին, որը հաւասարազօր է արկածախնդրութեան։ Բոլորը՞ ոչխար են։

“Զոյգերը արագ-արագ ամուսնանում գնում են, երբեմն այնքան շտապ, որ հազիւ թէ Ամերիկա հասած բաժանւում են”։ Ի՞նչ վիճակագրական տուեալներ ունէք այդ կապակցութեամբ։ Հրապարակէք խնդրեմ։ Եթէ տպաւորութեամբ էք ասում, ես էլ ասեմ, որ իմ բարեկամների ու ծանօթների ու ճանաչածների շրջանում նման բան չի եղել։ Եթէ մէկ երկու զոյգի մասին լսել էք ու այն ընդհանրացնում էք, ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ ձեր ընդհանրացումը ոչ գիտական է, ոչ էլ տրամաբանական։ Այդպիսի ընդհանրացում ցանկացած համայնքի ու ցանկացած ժողովրդի կապակցութեամբ կարելի է անել։ Դուք Իրանում ապրող հայ զոյգերի ամուսնալուծութիւնների թուի մասին տեղեա՞կ էք։

Այս տեսակէտից ինձ հետաքրքրում է մի այլ հարց եւս։ Եւրոպաներում ինչպէ՞ս է հայ զոյգերի վիճակը։ Ձեր գրութիւնից ենթադրում եմ, որ ընտանիքները ամուր են ինչպէս ժայռը, հայկական, ազգային, օրնակելի ամուսիններ, ոչ բաժանւում են, ոչ էլ ընդհանրապէս վէճ ու վիճաբանութիւն կայ ընտանիքներում։ Զոյգերը մէկ անգամ սիրահարւում ու յաւերժ ապրում են իրար հետ։ Երանի ձեզ…

“…ուրախ ու միամիտ կերպով վայելում են եւրոպական մասշտաբներով կեանք”։ Ի՞նչ է նշանակում այս արտայայտութիւնը։ Դուք դժգո՞հ էք, որ մարդիկ ուրախ են վայելում եւրոպական մասշտաբներով կեանքը։ Թէ ձեզ թւու՞մ է իրանահայերը մազոխիստ են ու ահա ուրախ կերպով ապրելով շեղւում են բնութեան օրինաչափութիւնից։ Կամ կարծու՞մ էք Վիեննա հասած բոլոր իրանահայերը միամիտ են, կայ չկայ հայ ազգը ծնել է միայն ձեր նման իմաստուն ու ճարպիկ մարդու։

Անհրաժեշտութիւն չեմ զգում անդրադառնալ գրութեան մէջ տեղ գտած բոլոր արտայայտութիւններին, որովհետեւ հէնց այսքանն էլ բաւական է ապացուցելու դրանց անլրջութիւնը։

Պարզապէս այդ գրութեան հեղինակին ասում եմ, Իրանահայերը “գնում են, գնում”, տեղ բացելով քո ու քո նմանների համար։ Դուք գնացէք ու ապրէք “Նոր Ջուղայի հպարտանքը համարուող Սբ. Ամենափրկիչ վանքում (որի, ի դէպ, երեք տարուայ դիւանապետը եղել եմ ես, որի համար հպարտ եմ (Ս.Մ.)), Րաֆֆու Սալմաստում, Չարենցի Մակւում, Ուրմիոյ լճի շրջակայքում, Թեհրանում…”։ Իսկ եթէ պատրաստ չէք ձեր տաքուկ փարիզներից քանդուել, առնուազն բարի եղէք ու չորս հարիւր ամեայ մի համայնքի անդամների, որոնք հազար ու մի վերիվայրումների բովից անցել ու պահպանել են իրենց ազգային ինքնութիւնը՝ մի վիրաւորէք։ Դուք դրա իրաւունքը բացարձակապէս չունէք։

Հայրենասիրութիւնից այդպէս մեծ մեծ խօսող հայերին կարող եմ մի գաղտնիք յայտնել։ Հայաստանի Հանրապետութիւնը, մեր հայրենիքի մի հատուածը, 1991 թուականից վերանկախացել է։ Եթէ պատրաստ չէք գնալ ապրել Ուրմիոյ լճի շրջակայքում, խնդրեմ՝ համեցէք, ապրէք Հայաստանում։

Որպէս վերջաբան նշեմ, որ այս յօդուածից ոչ ոք թող այն եզրակացութեան չգայ, որ ես խրախուսում եմ գաղթը։ Ես ոչ խրախուսում եմ, ոչ էլ դատապարտում։ Ինչպէս ասացի, ոչ ոք իրաւունք չունի մէկ ուրիշի ասել, թէ նա որտեղ պիտի ապրի։ Պարզ է, որ գաղթի կապակցութեամբ մտահոգութիւններ կան։ Մտահոգուած են շատ շատերը։ Ինձ համար խնդիրը միայն իրանահայերը չեն, խնդիրը նաեւ իրաքահայերն են, լիբանանահայերը, սիրիահայերը եւ մնացած բոլոր հայերը։ Սակայն դա չի նշանակում, որ պիտի մարդկանց վիրաւորել։ Ընդհակառակը դա նշանակում է, որ պիտի սառնասրտօրէն վերլուծել իրավիճակը ու փորձել ելքեր խորհել։

Ճշմարտութիւնը մէկն է՝ Հայաստանը հայ ազգի հայրենիքն է, բնօրրանը ու տայ Աստուած, որ մենք կարողանանք մեր երկրում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր հայերը՝ իրանահայերը, ֆրանսահայերը, կանադահայերը, արգենտինահայերը, բոլոր բոլոր հայերը գան ու հաստատուեն Հայաստանում։ Սակայն մինչ այդ օրը մենք իրար դաս տալու փոխարէն պիտի մաղթենք՝ յաջողութիւն։ Ով որտեղ ապրում է, թող յաջող լինի ու հայեացքը միշտ հայրենակենտրոն։

Սարգիս Մկրտչեան
www.sarkismkrtchian.blogspot.com
Երեւան, 20.Փետրուար.2009 թ.

Thursday, March 5, 2009

ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԱԼԻՒՐԻ ՅՈՒՇԸ

Իշխանաւորների կիրառած տնտեսական խայտառակ քաղաքականութեան հետեւանքով, մեղմ ասած, հայրենի բնակչութիւնը անցեալ Երկուշաբթի օրուանից ցնցումի մէջ է (Shock)։

Մարդիկ դեռ ուշքի չեն եկել հարուածից։

Երկուշաբթի օրը մի պահ վերադարձայ պատանեկութեանս տարիներին, երբ Իրանի իսլամական յեղափոխութեան նախօրեակին Իրանը խառնաշփոթ վիճակի մէջ էր, ամէն տեղ ցոյցեր էին, բախումներ եւ այլն։ Այդ ժամանակ մարդիկ սկսեցին պարկերով ալիւր գնել, որովհետեւ մտավախութիւն ունէին, որ հացի խնդիր կառաջանայ (եւ ի հարկէ ոչ միայն հացի, այլ նաեւ այլ հիմնական սննդի)։

Մեր տունը Իրանի հարաւ արեւմուտքում գտնուող Աբադան քաղաքում՝ մի առանձնատուն էր՝ մի հարկանի։ Յիշում եմ մեր պարսիկ ու արաբ հարեւանները իրենց տան կտուրներում թոնիր էին սարքում ու պարկերով ալիւր գնում, որպէսզի առաւել խորացող ճգնաժամի պահին գոնէ իրենք իրենց ձեռքով կարողանան հաց թխել ու սոված չմնալ։ Հայրս էլ ալիւր գնեց, բայց մենք թոնիր չսարքեցինք։ Հարեւաններից մէկի հետ մտերիմ էինք ու հայրս նրանց հետ պայմանաւորուեց, որպէսզի մեր հացն էլ նրանք թխեն։

Երկուշաբթի օրուայ Երեւանը մի պահ ինձ վերադարձրեց այդ օրերը։

Մարդիկ մթերային խանութներից սրբում էին ձէթն ու շաքարաւազը։ Ոմանք մեծ ծաւալի գնումներ էին անում, այնքան, որ սայլակներում տեղ չկար, սայլակներում ուտելիքի սար էին գոյացել, որովհետեւ բոլորը գիտէին, որ թանգացումներ են լինելու։ Ու ոչ թէ թանգացումներ են լինելու մի երկու օրից, այլ ուղղակի հէնց այդ պահից, ինչ իրենք գնումներ էին անում։

Ո՞վ է այս վիճակի պատասխանատուն։

Wednesday, March 4, 2009

ՆՈՒԱԶԱԳՈՅՆԸ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Հայաստանի տնտեսական այս խառնաշփոթ վիճակը, ինձ՝ չտնտեսագետիս մտքում մի քանի հարց է առաջացանում։

Իշխանաւորները անցեալ շաբաթների ընթացքում դոլարի փոխարժէքը 305 դրամի սահմաններում պահելու համար մեծածաւալ դոլար են սրսկել շուկայ (միայն անցեալ երկուշաբթի, այսինքն երեկ չէ անցեալ օրը 31 միլիոն դոլար)։ Յետոյ տեսնելով, որ այլեւս չեն կարողանում դոլարն այդ փոխարժէքով պահել (երեկ) անցել են “լողացող” քաղաքականութեանը։

Խօսում եմ միայն մէկ օրուայ տարբերութեան մասին։ Իսկ պարզ է, որ մարդիկ օրինակ, մի սովորական ճամբորդութիւն գնալու համար մտածում են, խորհրդակցում են, նախապատրաստւում են, որոշ կանխատեսումներ են անում, յետոյ որոշոււմ են գնալ թէ չգնալ։ Հետեւաբար այնպէս չէ, որ երկրի տնտեսական քաղաքականութեան պատասխանատուները Երեքշաբթի օրը ժողով արեցին ու մէկ էլ որոշեցին փոխել քաղաքականութիւնը։ Պարզ է, որ դրան նախորդել են շատ ու շատ գործօններ, տեղեկութիւններ, գնահատականներ, խորհրդակցութիւններ եւ այլն։

Իշխանաւորները ե՞րբ իմացան, որ այլեւս չեն կարողանում դոլարը պահել իրենց իսկ սահմանած չափով։ Ի՞նչ էր կանխատեսումները։ Այն պահից, երբ իմացան, որ այլեւս չեն կարողանում դոլարը պահել սահմանուած չափով, ինչու՞ չկիրառեցին դոլարի արժեւորման աստիճանական քաղաքականութիւն, որպէսզի ժողովուրդը ժամանակ ունենայ շնչելու ու հարուածը ցնցիչ չլինի։

Եթէ իշխանաւորները մինչեւ վերջին պահն էլ յոյս ունէին, որ կը տիրապետեն վիճակին ու այսպէս եղաւ, ուրեմն նշանակում է նրանք արժանի պատասխանատուներ չեն, որովհետեւ չեն կարողացել ճիշտ կանխատեսումներ անել։ Ուրեմն պիտի հրաժարական տան։ Նուազագոյնն այն պատճառով, որ իրենց ոչ արհեստավարժ մօտեցման պատճառով ժողովրդին մէկ անգամ նորից չկանգնեցնեն անել վիճակի առաջ։

Իսկ եթէ սկզբից էլ իմանում էին, որ չեն կարողանալու վիճակը կայուն պահել ու հետեւաբար արհեստականօրէն միլիոնաւոր դոլարներ սրսկեցին շուկայ ու դա հէնց իրենք գնեցին ու յետոյ միանգամից փոխեցին քաղաքականութիւնը, դա նշանակում է, որ նրանք յանցանք են գործել ժողովրդի նկատմամբ։ Այսինքն յանցաւոր համաձայնութեան են եկել իրար ու օլիգարխների հետ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի քողի տակ աստղաբաշխական գումարներ են շահել ու յետոյ միանգամից յայտարարել փոխուած քաղաքականութեան մասին։ Ժողովուրդն էլ քարի տակ։ Այս պարագային նրանք պիտի պատասխանատւութեան կանչուեն։

Իմ կարծիքով վարչապետը, կառավարութեան ամբողջ կազմը եւ երկրի ֆինանսատնտեսական պատասխանատուները ժողովրդին այս խայտառակ վիճակին մատնելու ու նրանում առանց այդ էլ առկայ յուսահատութիւնը խորացնելու պատճառով պիտի հրաժարական տան։

Յ.Գ. Հետաքրքիր էր երեկ երեկոյեան ժամը 9:00-ին "Հայլուր"-ի հիմնական թողարկման լուրերի հերթականութիւնը։ Առաջին լուր՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը այցելել է Հայաստան եւ հանդիպում ունեցել Նախագահ Սարգսեանի հետ։Այսինքն ըստ "Հայլուր"-ի սա է երկրի օրուայ ամենակարեւոր ու յիշատակելի լուրը։Այսինքն այն պահին, երբ մարդիկ նստած են հեռուստացոյցի առջեւ ու սպասում են հանրային հեռուստատեսութիւնից, որը պետութեան խօսափողն է, լսել վերլուծութիւն ու գնահատական ստեղծուած իրավիճակի մասին, մարդկանց ասում են, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը եկել է Հայաստան ու նրա հետ պայմանաւորուածութիւն է կայացել շախմատի միջազգային մրցոյթ անցկացնել Հայաստանում։ Սա էլ ձեռքբերում, էլ ինչ էք ուզում։ Այլ խօսքով ճգնաժամ-մգնաժամ, դոլար, դրամ, գնաճ՝ սրանք ոչինչ, կարեւորը շախմատն է։

Tuesday, March 3, 2009

ԴՈԼԱՐԸ, ԴՐԱՄՆ ՈՒ ՑՆՑՈՒՄԸ

Մեր երկրի այսօրուայ ամենացնցիչ լուրը դոլարի փոխարժէքի կտրուկ բարձրացումն էր։ Երբ ասում եմ կտրուկ, նկատի ունեմ կտրուկ բառի ամենաբուն իմաստով։

Մէկ ԱՄՆ դոլարը 306-307 դրամից միանգամից դարձաւ "լողացող" ու այնքան լողաց, որ Կենտրոնական բանկը մի արժէք սահմանեց, մի դրամատուն մի արժէք, մէկ այլ դրամատուն մէկ այլ արժէք ու արտարժոյթի փոխանակման կէտերն էլ ով ինչ ուզեց։

Կարճ ասած մէկ ԱՄՆ դոլարը դարձաւ 360-380, ընդհուպ որոշ տեղերում 400 հայկական դրամ։

Թէ ինչ հետեւանքներ կունենայ այս կտրուկ բարձրացումը՝ կարծում եմ աւելորդ է ասել։

Միայն մէկ օրինակ։ Կենտրոնական բանկը յայտարարեց, որ կանխատեսում է 8-10 տոկոս գնաճ։ Սակայն հարց է առաջանում, որ եթէ դոլարի գինը միանգամից 25-30 տոկոս բարձրանում է (եւ ի դէպ այս բարձրացման վերջը չի երեւում), ինչպէս կարելի է 8-10 տոկոս գնաճ ակնկալել։

Յամենայնդէպս անվիճելին այն է, որ գնաճ է լինելու։

Մեր իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնն էլ եթէ սուտ ասեմ՝ անորոշ է, եթէ անկեղծ ասեմ՝ ծիծաղելի։

Կամ լուր չունեն աշխարհում ինչ է կատարւում, կամ չեն տիրապետում իրավիճակին, կամ մարդկանց յիմարի տեղ են դրել կամ էլ յստակօրէն իրենց առջեւ դրել են մի խնդիր՝ երկիրը դատարկել բնակչութիւնից։

Մի օր յայտարարում են, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամը մեր վրայ չի ազդելու եւ մեր երկիրն յոսոյ այն կայուն կղզեակն է, որտեղ ճգնաժամից փախչողները մեծ ներդրումներ են անելու, որովհետեւ իրենց դրամագլուխը ապահով է մնալու։

Մի ուրիշ օր յայտարարում են, որ դոլարը 305-ից չի բարձրանալու։

Երրորդ օրն էլ յայտարարում են այն ինչ կարդացիք գրութեանս առաջին պարբերութիւններում։

Իրավիճակի օրէցօր վատանալուն ի տես, արդեօք հնարաւոր չէ՞ր բարձրացումը կատարել աստիճանաբար՝ մի քանի օրուայ ու մի քանի շաբաթուայ ընթացքում։

Արդէն յայտարարուել է, որ Ապրիլի մէկից ջրի, գազի ու էլեկտրահոսանքի գների աճ է լինելու։

Հիմա իմ նման սովորական մահկանացուներն էլ հարցնում են՝ ի վերջոյ մենք ազդուելու՞ ենք ճգնաժամից թէ ոչ։

Շիրակի մարզի մեր ընկերներից մէկն ասում է, որ իրենց գիւղից երեսուն հոգի գնացել են Ռուսաստան արտագնայ աշխատանքի (խոպան) ու մի քանի օր մնալուց յետոյ բոլորով վերադարձել են, որովհետեւ աշխատանք չկայ։

Սա էլ առ ի պատասխան իշխանաւորների այն պնդմանը, որ մենք ճգնաժամից չենք ազդուելու, որովհետեւ տարեկան այսքան գումար է մտնում մեր երկիր։ Խօսքը արտագնայ աշխատողների ուղարկած գումարների կամ էլ դրսից որեւէ ձեւով օժանդակութիւն ստացողների գումարների մասին է։

Այսօր ընկերներիցս մէկն ասում էր, որ 1992-1993 թուականներ տեսած ազգը այս բաներից չի վախենայ։ Համաձայնեցի հարցնելով, մինչեւ որ թուականը այս ազգը պիտի ապրի 1992-1993 թուականների նման։

Ճգնաժամն ի հարկէ առաջացել է մեր կամքից անկախ, իշխանաւորների տնտեսական քաղաքականութեան ճիշտ ու սխալի մասին էլ չեմ խօսում, պարզապէս հարցնում եմ, կարելի՞ է պահանջել, որ պետութիւնը ժողովրդի հետ անկեղծ լինի, ընդամէնը մի քանի օրուայ տարբերութեամբ իարարամերժ բաներ չասի։ Կարծում եմ սա նուազագոյնն է։

Իրապէս թող մէկը անաչառօրէն նայի վերանկախացումից յետոյ մեր տնտեսական քաղաքականութեանը։Որ կողմից ենք գնում պարզ չէ։

Այս ամբողջով հանդերձ ես մնում եմ այն կարծիքին, որ ճգնաժամը ազդելու է շատ շատերի վրայ, բայց ոչ նրանց, ովքեր վաղուց արդէն ճգնաժամի մէջ են։ Նրանց համար ճգնաժամ-մգնաժամ պարապ խօսքեր են։

Պինդ մնացէք։