Tuesday, September 30, 2008

“ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ” (2)

"Յիսուն մետրի չափ հեռաւորութեան վրայ, ցանցապատուած մի արգելանոցում տեսանք մեզանից մէկ երկու շաբաթ շուտ ժամանած հայրենադարձների, որոնք մեզ ողջոյններ յղելուց բացի, բղաւում էին, “Մեսլէ խար փաշիմուն միշաւին, վալի նաթարսիդ” (էշի պէս կը փոշմանէք, բայց չվախենաք)"։

"Էջ 20"

Monday, September 29, 2008

“ՈՒՂՂԻՉ ՏՈՒՆԸ” (1)

Երեկ վերջացրի Խորէն Արամունիի “Ուղղիչ տունը” գիրքը։

Արամունին Իրանահայ է։ 1969 թուականին ընտանիքիով Հայաստան փոխադրուած, այլ խօսքով հայրենադարձ։

Ապա 1979 թուականին Հայաստանից ԱՄՆ փոխադրուած, այլ խօսքով կրկին Սփիւռքահայ։

Գիրքը հեղինակի Հայաստանեան տաս տարիների յուշերն է։ Այն Խորհրդային կարգերը, խոհրդահայ հասարակական յարաբերութիւններն ու հոգեբանութիւնը ճանաչելու, այդ կարգերում ու յարաբերութիւններում Սփիւռքահայի ապրումները զգալու տեսակէտից արժէքաւոր գիրք է։

Իմ կարծիքով գրքի թերութիւնն այն է, որ գրողը, իր յուշերը վերարտադրելիս կենտրոնացել է միայն վատ ու բացասական երեւոյթների վրայ։ Գրքի ամբողջ 294 էջերի մէջ չի նկատւում որեւէ դրական երեւոյթի մատնանշում։

Անձամբ այն կարծիքին եմ, որ ե՜ւ Խորհրդային Հայաստանում, ե՜ւ ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում լաւ ու դրական երեւոյթներ էլ կան եւ պէտք չէ ամբողջ ուշադրութիւնը սեւեռել միայն վատերի ու բացասականների վրայ, թէեւ անկեղծ լինելու համար պիտի խոստովանեմ, որ երբեմն գերմարդկային ճիգ է պէտք չհիասթափուելու համար։

“Ուղղիչ տունը” վառ յոյսերով հայրենադարձ եղած Սփիւռքահայի խոր հիասթափութեան արտացոլանքն է։

Որպէս Իրանահայ, որը Հայաստանի անկախութիւնից յետոյ է Հայաստան փոխադրուել, գիրքը կարդալիս յաճախ եմ առիթ ունեցել իմ ու գրողի փորձառութիւնները համեմատել։

Խորհուրդ կը տամ անպայման կարդալ։

Wednesday, September 24, 2008

“I DON’T HATE MY COUNTRY”

Բարեկամներիցս մէկի գործով գնացի Արտաքին Գործոց նախարարութեան հիւպատոսական բաժին։ Այս բաժնում են հաստատում համալսարանաւարտների վկայականները՝ արտասահմանի համար, արտասահմանից հիւրեր հրաւիրելու համար այս բաժին պիտի գնալ եւ այլն։

Մուտքը գտնւում է Ամիրեան փողոցի վրայ։ Տուեալ բաժինը աշխատում է շաբաթական չորս օր՝ օրը մէկ ժամ։ Հասար՝ հասար, չհասար՝ վաղը կամ միւս շաբաթ։ Գնացի 10:20։ Հերթ էր, բայց ոչ իրար յետեւից կանգնած մարդիկ։
Խառը հերթ։ Մի քսան հոգի կը լինէին։ Ով որտեղ հասել կանգնել էր։

Սպասեցի քառասուն րոպէ։ Քսան հոգին դարձաւ յիսուն-վաթսուն հոգի։ Մայթը փակուել էր։ Դուռը բացեցին։ Գոյութիւն չունեցող հերթը այս անգամ ամբողջութեաբ դադարեց գոյութեան նշոյլից անգամ։ Հրմշտոց։ Վաթսուն հոգի կամ աւելի մարդ մի դռնով ուզում են ներս մտնել։ Ինձ էլ բախտ վիճակուեց այդ հորձանուտում ներս ընկնել։

Անմիջապէս յոդս ցնդեց այն խօսք ու զրոյցը, որ կար դրսում, այն է՝ ներսում մի քանի հոգի սպասարկում են։ Պարզուեց, որ հիմա պիտի սպասել մի այլ դռան առջեւ, որի ներսում աշխատում է մէկ հոգի, որին քիչ յետոյ միացաւ մէկ ուրիշը, ընդամէնը՝ երկու հոգի։

Շարունակուեց հրել հրմշտոցը։ “Իմ հերթն է”, “Չէ, իմ հերթն է”։

Կողքս կանգնած մի երիտասարդ հայ աղջիկ կար մի անգլիացի թէ ամերիկացի թէ շոտլանդացի թէ իռլանդացի տղայի հետ։ Անգլերէն էին խօսում։ Տղան՝ սահուն ինչպէս մօր լեզուն , աղջիկը՝ կոտռտուած, բառերը փնտռելով։

Հերթը մի երկու անգամ ալիքաւորուեց։ Ու մէկ էլ աղջիկը յետ դարձաւ տղային ասաց՝ “I hate my country”։

Աչքերս չռուեց։

Անշուշտ մթնոլորտը տհաճ էր։ Քրտնքի հոտ, հրել-յետ հրել, վէճ ու վիճաբանութիւն՝ իմ հերթն ա, չէ իմը, ես որ եկայ, դու որտե՞ղ էիր, ու նման բաներ։ Ցաւօք շարք կանգնելու մշակոյթ էլ չկայ։ Ու չգիտեմ ինչու այդ բաժնի պատասխանատուները վերոյիշեալը տեսնելով չեն շատացանում տուեալ բաժնի աշխատաժամերը, պաշտօնեաների թիւը, կամ յամենայնդէպս ինչու՞ մի ելք չեն փնտռում։ Այս ամբողջը հասկացանք։ Բայց որ “I hate my country”՝ այս մէկը չհասկացանք։

Թէ այդ աղջիկը այդ տղայի մէջ ինչ էր տեսել` չգիտեմ, բայց որ բանը հասել էր հայրենիքն ատելուն՝ սա արդէն տխուր է։

Friday, September 19, 2008

ԴԻԼԻՋԱՆ

Անցեալ շաբաթ ու կիրակի օրերին ընկերներով Դիլիջանում էինք։ Նախապէս էլ Դիլիջանում եղել էի, բայց քաղաքին այդքան չէի ծանօթացել։

Հակառակ այն բանի, որ լաւ պահեր ունեցանք, բայց ինձ մի տեսակ տխրութիւն պատեց։

Քաղաքը շնչող ու կենդանի քաղաքի տպաւորութիւն չէր թողնում։ Տեղացիներն ասում էին, որ քաղաքը պաշտօնական տուեալներով քսան հազար բնակչութիւն ունի, բայց էլի նրանց ասութեամբ, իրականում թիւը դրանից շատ աւելի պակաս է (խօսում էին տաս-տասներկու հազարի մասին)։

Բազմաթիւ անբնակ տներ տեսայ։ Այն փողոցում, որտեղ մեր կեցութեան տունն էր գտնւում, ժամերով ոչ մեքենայ էր անցնում, ոչ էլ մարդ։ Ամէն անգամ Երեւանից դուրս գնալիս այդպիսի տխուր ապրումներ եմ ունենում։

Մեծ հաւանականութեամբ, ինչպէս Հայաստանի շատ ու շատ բնակավայրեր, բնակչութեան մեծ մասը թողել հեռացել է արտասահման, գլխաւորաբար Ռուսաստան աշխատելու եւ էլ չի վերադարձել։

Դիլիջանը գեղեցիկ ու խոնաւ վայր է, հրաշագեղ բնութեամբ։ Ասում են, որ ծրագրեր կան, որպէսզի այն, ինչպէս Ծաղկաձորը, վերածուի զբօսաշրջութեան կենտրոնի։

Յոյսով եմ այդպէս էլ լինի։

Saturday, September 13, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(5)

Խնդիրը զուտ քաղաքական կողմից բացի, ինձ հետաքրքրում է նաեւ հասարակագիտական ու հոգեբանական առումով։ Հայ մարդը ցեղասպանութեան չի ենթարկուե՞լ։ Սա ամենայարմար առիթներից մէկը չէ՞ր թուրք պետական այրին, Թուրքիոյ Նախագահին լսելի դարձնես քո խօսքը, քո ձայնը, քո պահանջը։ Թէ՞ միայն Դաշնակցութիւնը հարց ունի, խօսք ունի, պահանջ ունի։ Իսկ Դաշնակցութիւնը հայրենաբնակ ժողովրդի երեք տոկոսն է, հինգ տոկոսը կամ տաս տոկոսը։ Ու՞ր էին մնացած իննսու՞ն տոկոսը։ Բա ի՞նչ են ասում սեղանների շուրջ նստած, “մի պատառ հաց” ուտելիս, կենաց խմելիս, մէկի հետ ծանօթանալիս, մենք Մշեցի ենք, մենք էլ Սասունցի, մենք էլ …Թէ սա էլ է բիզնեսի մի ձեւ, վաճառում ես նախնիներիդ ծննդավայրի հանգամանքը, մեծ հորդ յուշերը, տեսածներն ու պատմածները…

Սահմանի բացուելու հետ կապուած էլ առասպելական բաներ են ասում։ Իսկապէս ժողովրդի տրամադրութիւնն այն է, որ սահմանը կը բացուի, լաւ կապրենք։ Սա որ տնտեսագիտական հաշուարկից է գալիս՝ ես չգիտեմ։

Ես չտնտեսագետս գիտեմ մի բան, սահմանը կը բացուի, ու մենք էլ առաւէլ զարկ կը տանք մեր ներմուծմանը, այն պարզ պատճառով, որ արտածելու բան չունենք, աշխարհում հայկական արտադրութեան փնտռուող brand չունենք, գերմանացիներն օրինակ Մերսեդես Բենց ունեն, մենք չունենք, ու հարցն այն չէ, որ չունենք, հիմնական հարցն այն է, որ ունենալու ծրագիր էլ չունենք։ Յետոյ այս մեզ համար ոչ մրցունակ շուկայում թրքական ապրանքը կողողի մեր շուկան, բայց թէ սրանից աւելին ինչ պիտի թուրքերը բերեն Հայաստան, այս պահին չեմ էլ պատկերացնում, որովհետեւ Հայաստանեան շուկայում էլ ծամոնից սկսած մինչեւ շինանիւթ, հագուստից սկսած մինչեւ ինչ որ ցանկանաք լեփ լեցուն թուրքական կայ։ Ուրեմն էլ աւելի պիտի ողողուի շուկան եւ պիտի գայ թրքական կազմակերպուած դրամագլուխը, ու լաւ ապրելու համար թերեւս որոշները կը գնան թուրքերի հետ…

Ես սահմանի բացմանը դէմ չեմ։
Ես թուրքերի ոտն ընկնելուն եմ դէմ ու մեր տնտեսական քաղաքականութեանն եմ դէմ՝ երբ աղաչում ենք սահմանը բացել, մինչդեռ շուկայում մրցունակ որեւէ բան չունենք։

Ես ուզում եմ, որ մենք վերասահմանենք “լաւ ապրել” բառակապակցութիւնը, որովհետեւ աղքատութիւնն ու վատ ապրելը նաեւ հոգեբանական հարցեր են։ Թէ չէ ի՞նչ է նշանակում երբ ամիսը հինգ հարիւր դոլար եկամուտ ունեցողն էլ է դժգոհ, հազար դոլար ունեցողն էլ, հինգ հազար դոլար ունեցողն էլ, առանձնատուն ու արտասահմանեան մի քանի տասնեակ հազար եւրո արժողութեամբ մեքենայ ունեցողն էլ ու … այստեղ խնդիրն այլեւս նիւթականը չէ, այլ հոգեբանական, հասարակագիտական։

Իսկ սահմանը կը բացուի թէ չի բացուի, լաւ կապրենք թէ չենք ապրի, տնտեսութիւնն այսպէս կը լինի թէ այնպէս՛ մի բան են, մի այլ բան ազգի յիշողութիւնը, ազգի սկզբունքայնութիւնը, ազգի մարտունակութիւնը, ազգի արժանապատւութիւնը։

Այս օրերին ինչ կարդացել էի 19-20րդ դարերի մեր պատմութեան մասին եկաւ աչքիս առաջ։

Ով ինչ ուզում է թող ասի, բայց իմ կարծիքով այն, որ հազար տարի անկախ պետականութիւն չունենալը մեր ազգի հոգու ու մտքի վրայ ստրկամտութեան դրօշմ է դրել՝ անվիճելի է։

Ու մեր պայքարը առաջին հերթին դրա դէմ պիտի լինի, այդ նստուածքը վերացնելու դէմ պիտի լինի, նոր սերնդին անկախ պետականութեան առկայութեան պայմաններում իր հայրենիքում արժանապատիւ ապրելուն մղուած պիտի լինի ու ինքն իրեն յարգել սովորելուն պիտի լինի ու…

Եւ ի վերջոյ ամենադիպուկը։
Օպերայում շարքի մէջ կանգնած սպասում ենք Գիւլին։
Մէկն ասաց՝ “Գալիս ա, գալիս ա”։
Մեր մօտով անցնող մի երիտասարդ տղայ ասաց՝ “Ներեցէք, ո՞վ է գալիս”։

Սա արդէն ինչպէս ասում են՝ վերջն էր։ Ամբողջ երկիրն ու տարածաշրջանը խառնուել են իրար, այս տղան նոր հարցնում է “Ներեցէք, ո՞վ է գալիս”։

Friday, September 12, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(4)

Երկու կին են անցնում մեր յետեւով։ Մէկն ասում է “Լաւ էլի ամօթ ա, հիւր էք հրաւիրում ձեր տունը յետոյ էսպէս էք անում, բա պատիւ կը բերի”։

Բայց նախ մենք չենք հրաւիրել, Սերժն է հրաւիրել։ Յետոյ չէ որ ազգի կէսը ներկայիս Նախագահին երկրի օրինաւոր Նախագահ չի համարում, չէ որ ասում են նա կեղծիքով է դարձել Նախագահ, զոռով։ Ու ցոյցեր են անում, ու դրա համար էլ Մարտի մէկ եղաւ։ Ուրեմն գոնէ ժողովրդի կէսի համար նա օրինաւոր Նախագահ չի, ուրեմն նրա հրաւէրն էլ ճիշտ չի։ Սա կէսի մասին։
Բայց մենք այդ կէսին այդ օրը չտեսանք։ Ընդհակառակը։ Այդ կէսի առաջնորդները իշխանական աթոռների համար մղուող իրենց կռւում, Սեպտեմբերի 5-ին նախատեսուող իրենց հանրահաւաքը յետաձգեցին՝ Գիւլի գալու առիթով, իսկ նոյն մարդիկ Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով երթ էին կազմակերպել դէպի Ծիծեռնակաբերդ, հազարաւոր մարդկանց մասնակցութեամբ, որին անձամբ ականատես եղայ Կիեւեան փողոցում։ Պարզւում է կէսի կարծիքով Ապրիլի 24-ին ներքաղաքական հարցերով ցոյց կարելի է կազմակերպել, իսկ Գիւլի գալուց մէկ օր առաջ՝ ոչ։

Երկրորդ կէսի մնացածի մասին ի՞նչ ասեմ, մէկին մի օր ասում են “հայրենիքի դաւաճան”, միւս օրը նշանակում են Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար, միւսը մէկ օրում մի քանի հարիւր հազար հոգանոց կուսակցութիւն է ստեղծում, որոնց կէսը Ազգային Ժողովի ընտրութիւնների օրն իրեն քուէ չեն տալիս։ Որտե՞ղ է գաղափարը, սկզբունքը, ծրագիրը։

Ի դէպ նշեմ, որ այս արտայայտութիւնը “բա ամօթ չի հիւրի դէմ այսպիսի բաներ”, “դէ ճիշտ չի էլի, հիւր ա ի վերջոյ” եւ այլն, շատ շատ եմ լսել վերջին օրերի ընթացքում, վերոնշեալ կնոջից սկսած մինչեւ տան ներկարար ու խողովակ քաշող, մինչեւ սա ու նա…

Ոչ ոք չի քննարկում այն հարցը, որ ինչու՞ ես հրաւիրել։ Դրա մասին խօսք անգամ չկայ։ Խօսքը պատշաճ կերպով ընդունել-չընդունելու մասին է։ Այսինքն այլ խօսքով բոլորը կողմ են հրաւէրին, պարզապէս հարցն այն է, որ յանկարծ մի բան չանենք ամօթ լինի, խայտառակուենք թուրք նախագահի մօտ։

Հայաստանի Հանրապետութիւնում առկայ անթիւ անսահման կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների միջից, փաստօրէն Դաշնակցութիւնը մնաց միակը, որն իր բողոքի ձայնը բարձրացրեց։ Միւսները ըստ երեւոյթին արձակուրդի մէջ էին։ Ոչ ոք ծպտուն չհանեց։ Ու տրամաբանութիւնը, աւելի ճիշտը տրամադրութիւնը մէկն է՝ սահմանը կը բացուի, լաւ կապրենք։ Մարդկանց թւում է, որ սահմանը կը բացուի, իրենք էլ միւս օրուանից կապրեն ինչպէս այնինչ Հոլիւուդեան աստղը։ Մնացածը հարիւր տարի առաջ պատահած բան ա, էլի։

Wednesday, September 10, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(3)

Սեպտեմբերի 6-ին Դաշնակցութիւնը բողոքի ցոյց էր կազմակերպել օդանաւակայից մինչեւ Նախագահական նստավայր, մարզդաշտ եւ այլուր։

Երթուղայինով իջնում եմ Օպերայի հրապարակ միանալու ցոյցին։
Անկեղծ ասած եթէ ինձ պատմեն, չեմ հաւատայ, բայց որ սեփական ականջներովս եմ լսում, չհաւատալ չեմ կարող։

Երթուղայինում 10-12 հոգի կը լինէինք։ Մայթերին կանգնած են դաշնակցականները պաստառներով ու դրօշներով։

Երթուղայինում նստած 40-45 տարեկան մի տղամարդ բարձր ձայնով ասաց՝ “Արա էլի բաւական ա, հարիւր տարի առաջ մի բան ա պատահել, ձեռ չէք քաշում, զըզուըցրիք”։

Մարդիկ սկսեցին քննարկել Գիւլի գալը, “դաշնակների” պահուածքը, սահմանի հարցը…

Կարծես մուրճով ուղեղիս խփած լինէին։ Դեռ մարդու ձայնը ականջումս է՝ “Արա էլի բաւական ա, հարիւր տարի առաջ մի բան ա պատահել, ձեռ չէք քաշում, զըզուըցրիք”։

Նախադասութիւնն այնպէս ասաց, կարծես խօսում էր Կոնգոյի անտառներից մէկում ծառից ընկած մի կոկոսի համար երկու երեխաների լեզուակռուի մասին, որն ի դէպ պատահել է հարիւր տարի առաջ։

Ցեղասպանութիւնը “մի բան ա՞”։ Իսկ ո՞վ ”զըզուըցրեց”։ “Դաշնակները՞”։ Բայց միթէ ցեղասպանութեան ժամանակ միայն դաշնակցականներին են ջարդել։ Իսկ ու՞մ “զըզուըցրինք”։ Թուրքերին թէ՞ հայերին։

Այսպէս մտքերի մէջ կորած հասնում եմ Օպերա։
Իջնում եմ մեքենայից։
Միանում ընկերներիս։

Tuesday, September 9, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(2)

Հայրապետեանի երկրորդ անակնկալը Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզազգեստի հետ էր կապուած։ Այն էլ էր փոխուել։ Փաստօրէն այդուհետ ոչ թէ կարմիր-կապոյտ-նարնջագոյն մարզազգեստով պիտի խաղադաշտ դուրս գան հայերը, այլ նոր ձեւի ու գոյնի խաղազգեստով։

Եւ ի վերջոյ երրորդը։ Հայրապետեանը ոչ տարաւ, ոչ բերեց, յայտարարեց, որ մարզադաշտում ռասիզմի որեւէ դրսեւորում թոյլ չեն տայ։

Ի՞նչ։ Ռասի՞զմ։
Անվիճելի է, որ խօսքը հայերի ու թուրքերի, աւելի ճիշտը թուրքերի ու հայերի խնդիրների մասին է, այլ խօսքով ցեղասպանութեան ու դրա հետեւանքների։ Այսինքն ցեղասպանութեան հետ կապուած, թուրքերին իրենց պատմութիւնը յիշեցնող, դրա կապակցութեամբ իրենց պատասխանատւութեան մասին յիշեցնող յայտարարութիւն թոյլ չեն տայ։

Ուրեմն բանը հասաւ նրան, որ մարդիկ, որոնք իրենց անունը առանց տառասխալի գրել չեն կարող, սկսեցին խօսել իզմ-երից։ Բայց չէ որ որեւէ իզմ-ի մասին խօսելու համար առնուազն տարրական մակարդակի դպրոցը աւարտել է պէտք։ Ու ինչպէս ասել է քաղաքագիտութեան դոտոր Արմէն Այուազեանը “Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով առաջ են քաշում լոզունգներ՝ անցեալով չապրելու եւ ապագայով ապրելու մասին: ՀՖՖ նախագահը քաղաքագիտությեան դասեր է տալիս մեր հասարակութեանը” (“Առաւօտ”, 08.Սեպ.2008 թ.)։ Որտեղ հասանք։

Պարզից էլ պարզ է, որ վերոշարադրուած յայտարարութիւններն ու արածները Ռուբէն Հայրապետեանի մտքի արգասիքը չեն։ Պատուէր է իջել։

Ու բնականաբար հարց է առաջանում ՝ ո՞րն է այսքան իրար խառնուելու պատճառը։ Գերբ, մարզազգեստ, ռասիզմ…Բոլորն էլ այս խաղից առաջ, ասենք օրինակ, եթէ անհրաժեշտութիւն կար խորհրդանշանը փոխելու՝ դա կատարէին մէկ ամիս յետոյ, կամ մարզազգեստը երկու ամիս առաջ։

Այս իրարանցումը դիպուկ բանաձեւեց Արմէն Ռուստամեանը` “Այնքան են խառնուել իրար, կարծես իրենց կորած եղբորն են գտել”։

Երկրում տիրող այս քանի օրերի տրամադրութիւնն իրօք, ցաւօք, այդպիսին էր։

Monday, September 8, 2008

ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐ ՓՆՏՌՏՈՒՔՈՎ…(1)

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հաւաքականների խաղը միասին դիտելու հրաւէրին ընդառաջ՝ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գիւլի Հայաստան ժամանման հետ կապուած բաւականին հետաքրքիր, իմաստալից, լուրջ մտահոգութիւնների ու խորհրդածութիւնների տեղիք տուող իրադարձութիւններ պատահեցին այս քանի օրերի ընթացքում Հայաստանում, լուրջ ուշադրութեան արժանի արտայայտութիւններ լսեցի սովորական մարդկանցից, որոնց մասին էլ պիտի փորձեմ գրել յառաջիկայ օրերին։

Սկսենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից ու նրա նախագահ՝ Ռուբէն Հայրապետեանից, յայտնի որպէս “Նեմեց Ռուբօ”։

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղից ընդամէնը մի քանի օր առաջ, ֆեդերացիայի նախագահը հրաւիրում է մամլոյ ասուլիս ու յայտարարում, որ փոխուել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդանշանը, առանց բացատրելու թէ ինչու՞, ի՞նչ անհրաժեշտութիւնից մղուած, ու յատկապէս ինչու՞ ճիշտ այս խաղից առաջ է այն փոխուել։

Հին խորհրդանշանում կար Արարատ-Մասիսը ու պարզ է, որ այն դուր չէր գալիս թուրքերին։ Իսկ նորում, որն ի դէպ Հայաստանի Հանրապետութեան Զինանշանն է, չկայ վահանը, չկայ … այսինքն Սահմանադրութեամբ հաստատուած Զինանշանը օգտագործում են՝ նրանում ըստ ցանկութեան ու ճաշակի փոփոխութիւններ մտցնելով եւ այլեւս բացարձակապէս զարմանալի չի լինի եթէ մի առաւօտ քնից արթնանաք ու տեսնենք, որ մէկ ուրիշը Զինանշանի առիւծի փոխարէն նապաստակ է նկարել կամ էլ արծիւը չի սիրել ու տեղը հաւ է նկարել։ Երրորդին էլ հաւանաբար դրօշի գոյները դուր չեն գալիս ու նախընտրում է վարդագոյն-մանուշակագոյն…

Պատկերացնում էք, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մի օր որոշի, իրենց Հանրապետութեան զինանշանում առկայ արծուի փոխարէն բու նկարել…կամ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որոշի իրենց խորհրդանիշը համարուող աքաղաղի փոխարէն ագռաւ նկարել…

Նոր խորհրդանշանը տեսնել ՀՖՖ-ի պաշտօնական կայք էջում։

Իսկ Արարատ-Մասիսն ինչու՞ են հանել։ Հաւանաբար որովհետեւ քցել-բռնել են ու եկել այն եզրակացութեան, որ այն Թուրքիայում է, իսկ Արեւմտեան Հայաստան կոչուածն էլ պատմագիտական հասկացութիւն է…

Friday, September 5, 2008

ԽԱՌԻՑ ԷԼ ԽԱՌԸ

Անցնող քանի շաբաթների ընթացքում այնքան զբաղուած էի, որ ինչպէս ասում են գլուխ քորելու ժամանակ չէր մնում։

Շատ խառը չէի, այլ խառից էլ խառը։

Այս պահին մասամբ խաղաղուելու որոշ նշաններ նշմարւում են հորիզոնում։ Տեսնենք։

Շնորհակալ եմ նրանց, ովքեր կապւում ու հետաքրքրւում էին կայք էջի շարունակութեան մասին։ Այդ վերաբերումն ինքնին ինձ ստիպում է ասել, որ ՈՉ, այն դեռ չի փակուել եւ մտադիր էլ չեմ փակել։

Անկեղծ ասած հէնց այս ձեւով գրելն էլ ինձ բաւարարութիւն է տալիս։ Դեռ չեմ ասում, որ ինչպէս մի անյայտ մտաւորական էր ասում՝ “Գրում եմ, ուրեմն կամ”։

Իսկ թէ ինչեր պատահեցին ինձ անցնող շաբաթների ընթացքում՝ շուտով։

Մինչ այդ՝ լաւ մնացէք։